«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիան այսօր շարունակվում է Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել են ցուցարարները: Քաղաքացիական ակտիվիստ, կալանավորված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ցուցարարների պահանջներից մեկը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, քանի որ նա ազատամարտիկ էր:
Շահենն անդրադարձավ Վիգեն Սարգսյանի կարծիքին, թե «Եռաբլուրում» հուղարկավորելու հարցը պետք չէ քաղաքականացնել: «Երբ Վազգեն Սարգսյանին սպանեցին հոկտեմբերի 27-ին, նա վարչապետ էր: Ինչո՞ւ է նա հուղարկավորվել «Եռաբլուրում», որովհետեւ զինվորական է եղել: Հիմա Արթուր Սարգսյանը, եթե վարչապետ չի, ուրեմն զինվորական չի՞ եղել: Հետո՞ ինչ, որ թղթի համար իրեն չի կոտորել: Հայրս էլ չունի մարտական գործողություններին մասնակցելու թուղթ, բայց մի հատուկ ջոկատով սահման են պահել»,-նկատեց Շահեն Հարությունյանը:
Ապա հայտարարեց, որ երեկվա բողոքի ցույցի շրջանակում վարչապետի օգնականից այդպես էլ չկարողացան հուղարկավորության հարցի պատասխան ստանալ. «Խաբեցին մեզ եւ դրդեցին ասել, որ ՀՀ քաղաքացին չի հավատում կառավարությանը եւ վարչապետը»:
Հետո ելույթ ունեցավ Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի անդամ, ակտիվիստ Թամար Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ «Հաց բերողին» հողին չհանձնել չեն կարող, ուստի հանձնախումբը որոշում է կայացրել. «Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին՝ Շահումյանի գերեզմանատանը հարակից սգո սրահում՝ Լուկաշեն 152 հասցեում: Հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, նույն սրահից՝ 14 00-ին»:
Կարդացեք նաև
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ դուրս է գալիս հանձնախմբից, քանի որ ցանկանում է, որ Արթուր Սարգսյանին հուղարկավորեն «Եռաբլուրում», բայց հարազատներին էլ պետք է հասկանալ:
Այլ մանրամասները քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ