«Ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել նպատակին այս տղաների շնորհիվ: Մեր սերնդակիցներն իրենց հերոսությունները ժառանգել են մեր պապերից, ովքեր հաղթանակել են Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- Աջափնյակ վարչական շրջանում այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ ներկայացնելով դաշինքի ազատամարտիկ-թեկնածուներին, ասաց դաշինքի թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նկատելով, որ ինքը նոր է մուտք գործում քաղաքականություն, Սեյրան Օհանյանը նշեց. «Մեկ-մեկ ինձ հարցնում են՝ «քեզ պե՞տք էր, դու կգնաս՝ չես հասնի քո նպատակին, կկորցնես արժանապատվությունդ»: Բայց մի՞թե հաղթանակած ժողովրդի կողքին գտնվելիս կարելի է արժանապատվություն կորցրել»:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ դաշինքը պատրաստվում է ժողովրդին տալ իշխանությունը. «Այդ ժողովուրդն իրականության մեջ հերոս է: Մենք, գտնվելով իշխանության գլխին, մեր գերագույն գլխավոր հրամանատար ենք ընտրելու ժողովրդին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև