«Ուզում եմ երկու բանի հավատաք՝ առաջին, որ ապրիլի երկուսի ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն անել: Երկրորդ, իշխանափոխության հասնելուց հետո, եթե ճիշտ քաղաքական ուժ է հայտնվում քաղաքական օղակում, հնարավոր է երկրում իրավիճակ փոխել»,-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Աջափնյակ վարչական շրջանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Նա բնակիչներին հորդորեց չհավատալ իշխանության հիմնավորումներին, թե փոքր երկիր ենք, Արցախի խնդիր ունենք, բնական պաշարներ չունենք, եւ մինչեւ Արցախի հարցը չլուծենք, չենք կարող զարգանալ. «Դա սուտ է, այսօրվա վիճակի գլխավոր պատճառն իշխանությունների անգործությունն է, նրանք պատրաստ չեն բարեփոխումների եւ հետաքրքրված չեն ժողովրդի վիճակով»:
Օսկանյանի հավաստմամբ՝ ՀՀ-ն կարող է դասվել աշխարհի 15-20 ժողովրդավար երկրների շարքում. «Դա կախված է իշխանությունների կամքից: Չկասկածեք, որ մենք այդ կամքն ունենք»: Ըստ Օսկանյանի՝ իրենք կկարողանան մինչեւ երկու միլիարդ դոլարի ներդրում բերել Հայաստան. «Ես կարողացել եմ անձնական ջանքերով Քրքորյանին, Էռնեկյանին, Գաֆեսճյանին բերել, կարող եմ երկար թվարկել այդ ցուցակը: Նման քրքորյաններ սփյուռքում շատ են: Նրանք պատրաստ են գալ եւ երկիրը շենացնել, բայց վստահություն են ուզում: Քրքորյանի կտակից ՀՀ-ին ոչ մի ցենտ չեն տալու, բայց փոփոխված Հայաստանին՝ կտան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ