Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում ՀՀԿ-ականների հետ հանդիպմանը գյուղապետերը բարկացրել են Սերժ Սարգսյանին

Մարտ 19,2017 17:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Գյումրի էր ժամանել  նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այցի նպատակը ՀՀԿ թեկնածուների, կուսակիցների ու ՀՀԿ-ին սատարող անձանց հետ հանդիպելն էր։ Նախագահի հանդիպումը բավական երկար է տևել, 11․30-ից մինչև ժամը 14․30-ը, այդ ամբողջ ընթացքում փակ է եղել Գյումրու տեխնոպարկի դիմացի փողոցը, երթևեկությունը կաթվածահար է եղել, քաղաքային տրանսպորտը փոխել է իր ուղղությունը։ Ոստիկանները հսկել են նաև լրագրողներին ու անցորդներին՝ չթույլատրելով մոտենալ տեխնոպարկի շենքին։

Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը մեզ փոխանցեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ընտրությունների հետ կապված խնդիրներ, մասնակցել են կուսակցականները և մի քանի համակիր անձինք։ Սերժ Սարգսյանը Գյումրի է այցելել որպես ՀՀԿ կուսակցության ղեկավար։ Սամվել Նիկոյանն ասաց, որ նախագահի հիմնական ուղերձը հետևյալն է եղել․«Կարևոր ուղերձներից մեկը, որ կուսակցության ղեկավարը հղեց մեզ բոլորիս՝ և՛ ռեյտինգային թեկնածուներին, և՛ նրանց շտաբի աշխատողներին, և՛ ամբողջ կուսակցությանը, հետևյալն էր՝ մենք պարտավոր ենք և պատրաստ ենք անցկացնելու օրինական ընրություները, և որևիցե մեկը որևէ պարագայում իրավունք չունի այնպիսի գործողություններ իրականացնել, որը կարող է տեղիք տալ որոշակի կասկածների և մտահոգությունների կամ բողոքարկումների՝ անկախ այն բանից՝ ով է դա անողը, անպայմանորեն պատժվելու է։Ընտրությունները լինելու են բացառապես օրենքների շրջանակներում, ով դուրս դրեց իրեն օրենքներից, ապա նա պատժվելու է։ Հիմնական ուղերձը, ես կարծում եմ, որ սա էր»։

Քննարկմանը մասնակցողներից  մի քանիսն էլ մեզ պատմեցին, որ հրավիրված երկու գյուղապետեր բարձրաձայնել են իրենց խնդիրները, մեկը անձնական խնդիր է շոշափել, որ որդուն պաշտոն չեն տալիս, աշխատանքի են նշակել ոչ մասնագետի՝ իր մասնագետ որդուն անտեսելով։ Արթիկի շրջանի գյուղապետերից  մեկն էլ բարձրաձայնել է գյուղի գազաֆիկացման խնդիրը։ Նա նախագահին հիշեցրել է, որ  նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է եկել գյուղ ու խոստացել գազաֆիկացնել, սակայն գյուղն այդպես էլ զրկված է կապույտ վառելիքից։ Ըստ ներկաների, Սերժ Սարգսյանը, լսելով այս հարցերը, բավական զայրացել է, թե հատկապես անձնական խնդիրը կարելի էր առաջ քաշել առանձին հանդիպման ժամանակ։ Նա հիշեցրել է, որ այստեղ հավաքվել են ներկուսակցական, կազմակերպչական բնույթի հարցեր քննարկելու համար։

Հիմնական թեման, ըստ մասնակիցների, եղել է ընտրությունների ընթացքը, ՀՀԿ թեկնածուներից ամեն մեկը ելույթ է ունեցել, նրանք դժգոհել են, որ չկա թիմային աշխատանք, թիմային քարոզարշավ, չնայած մյուս կողմից շեշտել են, որ իրադրությունն այնպիսին է, որ որքան էլ փորձեն միասնական պայքարել, ստիպված են նաև պայքարել միմյանց դեմ։ Խոսել են նաև հանձնաժողովների ձևավորումից։

Ներկաներից մի քանիսը ասացին, որ նախագահը շեշտել է․«Եթե խախտումներ եղան, հայտնվեցիք աղմուկի կիզակետում, ձեզ չենք օգնելու, զգոն եղեք»։

Ի դեպ, քննարկման մասնակիցներից մի քանիսը ավելի շուտ են լքել տեխնոպարկի շենքը․վարկանիշային թեկնածուներից սկզբում դուրս է եկել Արման Սահակյանը, այնուհետ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, ամենավերջում դուրս են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Սամվել Նիկոյանը։ Ըստ էության, նախագահն առանձնազրույց է ունեցել նրանց հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031