Լոռու մարզի Տաշիր քաղաքում նախընտրական հավաքի ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դահլիճից դիմեց 2015թ. դեկտեմբերին զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը: «մեկ տարուց ավելի է՝ դատական գործընթացի մեջ ենք: Չգիտեմ՝ ինչո՞ւ հետախուզական ջոկը պետք է գտնվեր չհսկվող բլինդաժի մոտ, երբ որդիս իր ընկերների կյանքը պաշտպանելով եւ մենակ կռվելով՝ զոհվել ու վիրավորվել է, մահացել՝ արյուն կորցնելով: Մինչեւ այսօր չեն պատասխանում՝ որդիս որտեղի՞ց է վիրավորված եղել»,-ասաց կինը: Նա նշեց, որ զինվորի ընտանիքն անտեսված է. «Մենք անտեսված ենք. 19 տարեկան տղան, երբ մարտի է բռնվում եւ փրկում ընկերոջը…նրա հերոսությունը վարձատրվեց մի «արիության մեդալով»: Ծնողներին ու հարազատներին զինվորի մահից ամիսներ կամ մի տարի հետո մոռանում են…Նրա անունը ոչ մի տեղ չկա, նրա անունը կարդացող չկա…»:
Տիկին Ալեքսանյանը հայտնեց, որ մյուս զինծառայող որդին՝ Ալեքսանյան Գարեգինը, որդու մահից հետո ծանր հիվանդություն ունի. «Բժիշկների ասելով՝ վեց տարի իրավունք չի ունենա ֆիզիկական աշխատանք կատարել…Չորս զինվոր եմ տվել հայրենիքին: 15 հազար դրամ թոշակ են տալիս, դրանով ինչպե՞ս ապրենք»: Կարեն Կարապետյանն ասաց, որ դատական գործի հարցով կինը կարող է դիմել դահլիճում ներկա Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցման հարցին, վարչապետի խոսքով. «Մեր կարողությունները ցավոք սուղ են: Ձեր բարձրացրած հարցերը լուծվելու են այն ժամանակ, երբ ավելի լավ ապրենք ու աշխատատեղ ստեղծենք»: Լուսիկ Ալեքսանյանի մյուս որդու առնչությամբ էլ Կարեն Կարապետյանը նշեց, որ կխոսի Պաշտպանության նախարարի հետ. «Կհասկանանք՝ նա արձագանքելու ի՞նչ բանաձեւ ունի»:
Կինը կրկին հարցրեց՝ կարո՞ղ է ակնկալել, որ իր զոհված որդու հերոսությունն արժանի կերպով կգնահատվի: Կարապետյանը կրկնեց. «Ձեր հարցը կբարձրաձայնենք ՊՆ-ում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև