«Հիմա կասեք՝ եկել եք մեր բակը ու ձեր ասածն եք ասում… Գիտենք՝ ի՞նչ եք մտածում, որովհետեւ Ձեր պես է մտածում ողջ Հայաստանը: Այստեղ են գալու նաեւ մյուս ուժերը, բայց ընտրություն կատարելու տարբերակները շատ չեն»,-Արմավիրում այսօր «ԵԼՔ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա արմավիրցիներին կոչ արեց մասնակցել ապրիլի երկուսի խորհրդարանական ընտրություններին:
Իսկ եթե բոլոր քաղաքական ուժերի հանդեպ հույսը կորցրել են, Արամ Սարգսյանը խնդրեց նկատի ունենալ հետեւյալը. «Նայեք՝ այդ մարդիկ որտե՞ղ էին 1999թ. հոկտեմբերի 27-ին, ի՞նչ ասացին դրանից հետո: Ասացին՝ «այս հինգն են, գործը փակված է ու վե՞րջ», թե ասացին, որ գործը բացահայտում է ուզում: Նայեք՝ ի՞նչ ասացին նրանք Մարտի մեկին՝ գնացին կոալիցիա կազմեցին այդ իշխանությունների հետ՝ շամպայնի բաժակ չխկացնելո՞վ, թե պայքարեցին ու բանտեր նստեցին…Նայեք՝ ի՞նչ ասացին այդ ուժերն ապրիլյան պատերազմից հետո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ