«Բազմաթիվ մարդիկ ասում են՝ չգիտենք՝ ո՞ւմ հավատալ: Մեր խնդիրն է, որ հավատաք ինքներդ Ձեզ եւ Ձեր քաղաքացիական ուժին: Դուք կարող եք հաղթահարել հուսահատությունը եւ երկրում տրամադրություն ստեղծել»,-Արմավիրում այսօր «ԵԼՔ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդներից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ՝ «ԵԼՔ»-ն ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որը համահեղինակ չէ ՀՀ-ում ստեղծված հուսահատության մթնոլորտի. «Մնացած ուժերը շատ թե քիչ ունեն իրենց բաժինը: Ապրիլի երկուսին գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկեք «ԵԼՔ» դաշինքի օգտին»:
Ընդգծելով դաշինքի նախընտրական ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչի կարեւորությունը՝ Փաշինյանն ասաց՝ այն գյուղացիները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, կազատվեն ջրի վարձից. «Մարդիկ չպետք է վնասներ կրեն կարկուտից: Տասնյակ միլիոններ են ծախսել հակակարկտային կայանների վրա, որոնք օգուտ չեն բերում: Մենք ասում ենք, որ հակակարկտային ցանցեր պետք է կիրառվեն: Դրանք կիրառողներն էլ պետք է ազատվեն հողի հարկից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև