Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքապետերը «պրիցելի» տակ են. որ չգիտես, ինչի՞ ես հարցնում». վարչապետը՝ Ջիլիզայի գյուղապետին

Մարտ 19,2017 12:52

ՀՀԿ նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, որտեղ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց բնակիչների հետ: «Զինվորի հայր եմ, անվտանգության մասին փոքր ինչ խոսեք»,-վարչապետին դիմեց մի տղամարդ՝ հավելելով,-«դուք ինչ ասում եք, այն էլ անում եք: ՀՀԿ-ն միակն է, որը խոսում է իր սխալների մասին: Կուզեի, որ այս ընտրություններից հետո ՀՀ-ն իրոք անվտանգ լինի»: Դիտարկմանը Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Չափազանց կարեւոր է մեր դիրքորոշումն Արցախի հարցում: Արցախը մեր համար «ֆրոնտային» գիծն է, որտեղ որոշվում է մեր արժանապատվության, ինքնության, թասիբի խնդիրը…Մենք՝ քաղաքացիական կառավարիչներիս, պարտք ունենք մեր սպաների հանդեպ: Ինչքան էլ լավ աշխատենք, պարտք ենք նրանց»:

Հաջորդ հարց տվողը Վրաստանի հետ սահմանակից Ջիլիզա համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանն էր: «Հսկիչ-անցակետ չունենք, որը բնակչության համար կարեւոր խնդիր է»,-ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ «անցակետի կառուցումը որքա՞ն արժե»: Համայնքապետը դժվարացավ պատասխանել: «Բա որ չգիտես, ինչո՞ւ ես հարցը բարձրացնում: Բոլոր համայնքապետերը, որոնք այս քարոզարշավի ժամանակ ինձ հետ հանդիպում են, «պրիցելի» տակ են: Ո՞ր չգիտես, ինչի՞ ես հարցը բարձրացնում: Երբ խնդիր ես դնում, խնդիրը գնահատի: Երբ հանձնարարական ես տալիս՝ «մի հատ անցակետ սարքի», գնահատական պետք է տաս՝ ո՞րքան է արժենալու եւ որքա՞ն մարդու կյանք է թեթեւացնելու»,-նյարդայնացավ Կարապետյանը, ապա կատակեց. «Երկրորդ հարցդ հավես ունե՞ս տալու»:

Հետո մի կին վարչապետին ասաց, որ նախորդ տարի Լոռի է այցելել 90.000  զբոսաշրջիկ, սակայն նրանցից միայն 15.000-ն է գիշերել մարզում: «Խնդիր կա՝ ստեղծել ժամանցային ծրագրեր, որպեսզի զբոսաշրջիկները շահագրգռված լինեն գիշերել մարզում»: Կարեն Կարապետյանը նրան խորհուրդ տվեց հանդիպել  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ, եթե նման ծրագիր ունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031