Մարտի 18-ին` Էդուարդ Բադալյանի ծննդյան օրը, Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպվել էր հուշ-երեկո: Պատահական չէր, որ այն կազմակերպվել էր հենց այս համերգասրահում: 55 տարի առաջ այստեղ է տեղի ունեցել կոմպոզիտորի առաջին մենահամերգը:
Էդուարդ Բադալյանը դասական կիթառի դպրոցի հիմնադիրն է Հայաստանում: Նա ստեղծել է դասական կիթառի համար 100-ից ավելի երաժշտական կտավներ և մշակումներ: Մինչ երեկոյի սկիզբը հյուրերը ծանոթացան գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի նկարներին: Ծովինար Թադևոսյանի ցուցահանդեսը նվիրված էր Էդուարդ Բադալյանի 80-ամյակին:
Երեկոյի ընթացքում հնչեցին Էդուարդ Բադալյանի` կիթառի համար գրված ստեղծագործություններն ու մշակումները: Նրա ստեղծագործությունները կատարեցին դստեր` Նունե Պողոսյանի նախկին սաները, որոնց մեջ էր նաև Մարիաննա Պողոսյանը ` Նունե Պողոսյանի դուստրը: Էդուարդ Բադալյանի ստեղծագործությունները կատարեցին կիթառով, ջութակով և թավջութակով:
Կարդացեք նաև
Կատարումների դադարների ժամանակ ցուցադրեցին տեսանյութեր, որտեղ խոսում էին Էդուարդ Բադալյանի ընկերները , մտերիմներն ու նրա աշակերտները: Պատմում էին նրա տաղանդի, անգնահատելի գործի և իսկական մանկավարժ լինելու մասին:
«Զարմանալի, բարձրաճաշակ երաժիշտ էր»,- ասաց Նելլի Սարգսյանը: Հիշեց նաև համերգներից մեկը, երբ Էդուարդ Բադալյանը կատարում էր իտալացի կոմպոզիտոր Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները դասական կիթառով: Նելլի Սարգսյանը նշեց, որ այդ օրն այնքան զարմանալի անցավ, որ չհասկացան թե երբ սկսվեց և երբ ավարտվեց:
«Առ այսօր նրան հիշում եմ, իբրև մեր կողքին իր գործունեությունը ծավալող ընտիր մտավորական, հայ արվեստագետ»,- այսպես է նկարագրում Էդուարդ Բադալյանին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Վերջում Նունե Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել էին նրան կազմակերպել այս երեկոն: Չցանկանալով երեկոն ավարտել ուղղակի խոսքերով` Նունե Պողոսյանը հրավիրեց սաներին կատարելու կոմպոզիտոր Արմեն Պողոսյանի տանգո «Մարիաննան», որը հեղինակը նվիրել է իր դստերը:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ