Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ, որի հեռախոսը հասանելի էր 24 ժամ․ Շիրակի գյուղապետերը՝ Ֆելիքս Ցոլակյանի մասին

Մարտ 19,2017 00:13

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը նոր մարդ չէ մարզում: 2013-2016 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության ամենաաղքատ մարզի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը: Չնայած նրան, որ երեք տարին այդքան էլ մեծ ժամկետ չէ, այդուհանդերձ, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում Ֆելիքս Ցոլակյանին հաջողվել է բազմաթիվ խնդիրներ լուծել համայնքների համար: Պաշտոնավարման ընթացքում Ֆ․Ցոլակյանն աչքի է ընկել մարզին անմնացորդ նվիրումով ու շիրակցիների հանդեպ սրտացավությամբ:

Չլինելով կուսակցական՝ իր պատասխանատու վերաբերմունքով ու շփման բարձր կուլտուրայով շահել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող համայնքապետերի համակրանքն ու վստահությունը։ Թերևս վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ 2016 թվականի փետրվարին՝ Ֆ. Ցոլակյանի Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու ժամանակ, գյուղապետերից շատերը դեմ կանգնեցին՝ մամուլով իրենց առարկություններն արտահայտելով։

Այսօր էլ՝ Ֆելիքս Ցոլակյանի մարզպետի պաշտոնից ազատվելուց մեկ տարի անց, գյուղապետերը խանդավառությամբ են հիշում նրա պաշտոնավարման տարիները, թվարկում են վերջինիս կատարած աշխատանքները՝ շեշտելով, որ պատգամավորի թեկնածուին և, առհասարակ, ցանկացած պաշտոնյայի, պետք է գնահատել ոչ թե իր տված խոստումներով, այլ փաստերով՝ կատարած աշխատանքով։

Մեզ հետ զրույցում Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն այսպես բնութագրեց Ֆելիքս Ցոլակյանին․«Ես Ֆելիքս Ցոլակյանին ավելի մոտիկից ճանաչել եմ իր՝ մարզպետ եղած ժամանակաշրջանում ու բարձր եմ գնահատում նրա լսելու ընդունակությունը․ ցանկացած ղեկավար պետք է ունենա այս հատկանիշը։ Նա կարող է ժամերով մարդկանց լսել, հասկանալ, պատկերացնել, մտնել մարդու հոգեբանության մեջ։

Այդ մարդու մոտ ընդհանրապես չտեսանք հարուստի ու աղքատի մեջ տարբերություն դնելը․ համայնքի ղեկավարների հետ առնչվելով՝ առաջին օրվանից մեզ հնարավորություն տվեց ցանկացած պահի, թեկուզ և ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային հեռախոսահամարներով շփվել իր հետ։ Գիշեր է եղել, թե ցերեկ, համայնքի խնդիրներով կիսվել ենք իր հետ, եթե նույնիսկ զանգել ենք ու ինքը չի կարողացել պատասխանել, հետ է զանգել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կա համայնքում, հո բան չի՞ պատահել։ Իր անցած ամբողջ ճանապարհը, որ կարդում ես, թե ինչ պաշտոններ է վարել, այդքան բարձր պաշտոններ ունենալով՝ իր մասին քննադատությունների չենք հանդիպել։

Սա նշանակում է՝ մաքուր ապրած մարդ է։ Մենք էլ այդ կարծիքին ենք, որ լրագրողական դաշտը, ի տարբերություն վերջին մարզպետի, այս մարդու հասցեին, կարել է ասել, համարյա ոչ մի քննադատական, վարկաբեկիչ խոսք չի հնչեցրել։ Ինքը շատ երկար չաշխատեց մարզպետ, մոտ 3 տարի, չեմ ասում երեք տարին կարճ է, բայց կարողացավ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ չէինք տեսել մինչ այդ։ Ֆելիքս Ցոլակյանի խոսքը մարդկային էր, ոչ վարչական, իր մարդկային մոտեցումներն էլ մեզ պարտավորեցրեց, որ ավելի նվիրված ու լավ աշխատենք համայնքի համար, որովհետև ինքը շիտակ էր աշխատում մեզ հետ՝ առանց խաբելու։ Մեզ իր մարդկային խոսքը մի պարտավորություն տվեց, որ կարելի էր ժամանակից շուտ իր հանձնարարություններն անել ու արվում էր։ Սա ակնհայտ էր, բոլորը տեսնում էին»։

Վերջինիս փաստմամբ, Ֆելիքս Ցոլակյանը յուրահատուկ հասկանում է գյուղատնտեսությունից ու կարողացել է Ազատանում լուծել բավական խնդիրներ։ «Կոնկրետ մեր համայնքում երկու ծրագիր նախապատրաստեց, առաջինը բուժամբուլատորիայի վերանորոգման ծրագիրն է, անցած տարի պիտի վերանորոգվեր, պարզապես անցած տարի ֆինանսական ճգնաժամի հետ կապված իրականություն չդարձավ, բայց հիմա արդեն մտել է ծրագիր, ֆինասավորվում է, նախագիծը երկու տարի առաջ պատրաստ էր։ Համայնքի կենտրոնով գետ էր անցնում․ հունը փոխելու, դրենաժավորելու խնդիր կար, այդ ծրագիրը պարոն Ցոլակյանը մտցրեց մարզի զարգացման հրատապ խնդիրների մեջ։

Մանկապարտեզի պահպանման ծախսերի համար 10 միլիոն ու կես մեզ գումար տրամադրեց, միջամտեց ու կառավարությունից մեզ լրացուցիչ սուբսիդավորում եղավ, կարողացանք 2015 թվականին մանկապարտեզը ֆինանսավորել, որովհետև լուրջ խնդիր էր ծագել։ Անցած տարի, գիտեք, որ ոչ մի հրատապ ծրագիր չի ֆինանսավորել մարզում, այդ իսկ պատճառով այդ ծրագրերը կիսատ մնացին։ Իր ժամանակ միջամտություն, միջնորդություն եղավ, մանկապարտեզը մասամբ գույքավորվեց։ Ասեմ, որ միակ մարզպետն էր, որի ժամանակ Ազատան համայնքը ինչքան ուզեց, այնքան պարարտանյութ ստացավ, ինչքան ուզեց սերմացու ստացավ։ Իհարկե, այնպես չէր, որ անսահմանափակ էին հատկացում, բայց նախկին մարզպետների ժամանակաշրջանների հետ համեմատած՝ բավարար քանակությամբ ստացավ։ Նա հասկանում է գյուղի հոգսերը, գյուղատնտեսությունը, կես խոսքից պատկերացնում է ամեն ինչ։

Ցորենի մթերման ժամանակաշրջանում այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ փոխադարձ համաձայնության եկավ, որ Շիրակի մարզից մթերվող ցորենն ավելի բարձր գնով մթերվի։ Այսինքն` ինքը շատ հետևողական ղեկավար էր, և մարդկային արժեքներն իր մոտ բարձր են։ Մարզը հիմնականում գյուղատնտեսական է և  մարզխորհրդի նիստերում բոլոր համայնքների նկատմամբ իր վերաբերմունքը բոլորիս դրական էմոցիաներ էր տալիս։ Բոլոր համայնքապետերը դեմ էին, որ պարոն Ցոլակյանը մարզից գնար։ Իսկ հիմա ինչո՞ւ ենք մենք իրեն տեսնում Ազգային ժողովում, այս տարիների ընթացքում շատ-շատերը կես պաշտոն են ունեցել, բայց դարձել են օլիգարխներ, հանցագործ աշխարհում անուններ են ձեռք բերել, այս առումով են երևացել, իսկ Ֆելիքս Ցոլակյանին վստահում ենք իր մարդկային կարողությունների համար, իր ճիշտ մտածելակերպի։ Ինքը կարող է նաև Ազգային ժողովում լավ օրենսդիր լինել, որովհետև շատ լավ է հասկանում հասարակության վիճակը, կոնկրետ հասկանում է՝ ինչ անի գյուղը, ինչպես պաշտպանել գյուղատնտեսությունը և գյուղատնտեսության դերը մեր երկրի զարգացման համար, գյուղ-քաղաք հարաբերությունները։ Դրա համար էլ մենք վստահում ենք իրեն», -ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։

Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկիևչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանի հետ աշխատելը հաճույք էր, բոլոր գյուղապետերն էին այդ կարծիքին։ Նա թվարկեց վերջինիս կատարած գործերը կոնկերտ իր համայնքում։ «Շատ գործեր է արել․ արոտների ջրառատման ծրագիրն է օգնել մեր գյուղում իրականացնելու, պարոն Ցոլակյանը մեր համայնքի կողմից ֆինանսավորումը մարզպետարանով է օգնել, որ կատարել ենք, մոտ 8 միլիոն դրամ էր։ Մենք 5 տոկոս համաֆինանսավորում պիտի կատարեինք այս ծրագրի համար, ինքը 5 տոկոսը տվել է։ Հետո խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման հարցում է օգնել․ 5 միլիոն մի տարի, 7 միլիոն մի տարի։ Խմելու ջուր ընդհանրապես չենք ունեցել, պարոն Ցոլակյանի պաշտոնավարման ժամանակ այս հարցը լուծվեց։

Մենք շատ գոհ ենք իրենից, մեր գյուղի կողքին միշտ կանգնած է եղել, այնքան գործ է արել գյուղում, որ մեզ՝ հոռոմցիներիս միշտ թվացել է, որ նա մեր գյուղից է՝ Հոռոմից ու պատկերացրեք այդպես կարծել են մյուս բոլոր համայնքներում։ Չկա մի խելամիտ հարց, որ բարձրաձայներ ու պարոն Ցոլակյանը լուծման ընթացք չտար, նա անպայման քո կողքը կկանգներ։ Մեզ օգնեց ոռոգման համակարգի կառուցմանը, չնայած դեռ չի սկսվել, բայց իր ժամանակվանից նախագծվել է, նախահաշիվը եղել է։ 530 միլիոնանոց ծրագիր է, մեզ օգնել է, մենք արդեն ունենք այդ ծրագիրը, մեր բաժին ներդրումը կատարել ենք, սպասում ենք աշխատանքների սկսմանը։ Չկա այդպիսի տեղանք մեր մարզում, որ նրանից գոհ չլինեն, մեր ընկերներից որ մեկին ուզում եք հարցրեք, նույնը կասեն։ Դպրոցը նույնպես ծրագրի մեջ է մտցրել, դպրոցի շենքը հին է, արդեն ընդգրկված է ծրագրում։ Թող այդպիսի ղեկավարները շատ լինեն, միայն ուրախ կլինենք, որ ինքը Ազգային ժողով գնա, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, պատվով դուրս է գալիս»,- ասաց Հոռոմի համայնքապետը։

Ինչպես ասում են՝ քաղաքական, պետական գործիչների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականը տալիս է ժողովուրդը, իսկ դատելով Շիրակի մարզի համայնքապետերի հնչեցրած կարծիքներից՝ վստահաբար կարելի է պնդել, որ մարզպետի պաշտոնում իր նվիրվածությամբ ու սրտացավությամբ աչքի ընկած Ցոլակյանը, խորհրդարանի պատգամավոր ընտրվելու դեպքում, Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ըստ արժանվույն կներկայացնի Շիրակի և շիրակցիների խնդիրները, կփորձի այս անգամ էլ օրենսդրի կարգավիճակում շարունակել այն հայրենանվեր գործը, որին տարիներ առաջ է լծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031