Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ եվրատեսիլյան «Fly with me» երգի պրեմիերան (Տեսանյութ)

Մարտ 19,2017 00:01

Կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով:

«Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ «Fly with me» երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:

Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը:

Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը:

Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը:

Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարդահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ամբողջ թիմը խոսքները մեկ արած շատ անհաջող երգ և հոլովակ են «արտադրել»: Ափսոս է երգչուհին: Ոնց որ ճապոնա-չինական հոլովակ լինի: Եվրատեսիլի հետ կապ չունի: Հետո երբ ասում են, որ եվատեսիլյան եգը պետք է էթնիկ տարր ունենա, չի նշանակում ում էթնիկ տարրը ասես կարելի է օգտագործել: Մի ծայրահեղությունից մյուսի մեջ եք ընկնում: Ընենց էլ մի հատ բարդ բառերով բացատրում եք ձեր անտաղանդ գործը, ոնց որ լսողները ոչ հասկանում են, ոչ էլ ճաշակ ունեն: Այ ոճաբան, էդ հագուստը ու էդ սանրվածքը քո դուրը գալի՞ս է:

  2. Մանիկ says:

    Ափսոս, որ հայաստանը կներկայանա այս անհաջող երգով, նհմայք կատարումով: Ոչ մի տպավորություն չի թողնում, ոչ մի մեղեդի չի մնում մարդու ականջների մեջ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031