Թեեւ այս տորթի մեջ ոչ ձու կա, ոչ որեւէ կաթնամթերք, համով եւ արտաքին տեսքով այն բոլորովին չի զիջում թթվասերով, ձվով, կաթով, կարագով պատրաստված տորթերին: Ձվի կամ կաթնամթերքի նկատմամբ հակացուցումներ ունեցողները, ինչպես նաեւ` պահք պահողները կարող են հանգիստ խղճով պատրաստել եւ վայելել: Ի դեպ, մեր տանը այս տորթը շատ կարճ ժամանակահատվածում վերջացավ, քանի որ մեծ հաճույքով կերան նաեւ նրանք, ովքեր պահք չէին պահում:
Անհրաժեշտ մթերքները
Ալյուր- 300 գրամ
Շաքարավազ- 200 գրամ
Կակաո- 4-5 ճաշի գդալ
Սոդա- 1 թեյի գդալ
Ջուր- 1 բաժակ
Բուսական յուղ- կես բաժակ
Քացախ- 2 ճաշի գդալ
Ջնարակի (գլազուր) համար
Կակաո- 4 ճաշի գդալ
Շաքարավազ- կես բաժակ
Ջուր- 3-4 ճաշի գդալ
Դառը սեւ շոկոլադ- 50 գրամ
Բուսայուղ- 1 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Սկզբում ամանի մեջ լցրեք բոլոր չոր մթերքները` ալյուրը, շաքարավազը, կակաոն եւ սոդան: Գդալով լավ խառնեք: Ապա ավելացրեք հեղուկ մթերքները` ջուրը, բուսայուղը եւ քացախը: Հարիչով լավ հարեք: Լցրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը` մոտ 40 րոպեով: 40 րոպեից փայտե չոփիկով ստուգեք պատրաստվածության աստիճանը` եթե չոր դուրս գա, կարող եք ջեռոցն անջատել, եթե ոչ` թողեք եւս 10 րոպե թխվի:
Հանեք ջեռոցից, թողեք սառչի:
Մինչ այդ պատրաստեք ջնարակը (գլազուրը): Շաքարավազն ու կակաոն լցրեք փոքր թասիկի կամ ջազվեի մեջ, լավ խառնեք: Գդալ-գդալ ավելացրեք ջուրը, պետք է դառնա շատ պինդ զանգված: Եթե 3 գդալը բավական է, այլեւս մի ավելացրեք ջուր, իսկ եթե դեռ չոր է մնում զանգվածը` եւս մեկ գդալ ավելացրեք:
Դրեք կրակին` անընդհատ խառնելով հասցրեք եռման աստիճանի, պետք է դառնա միատարր զանգված: Մեջը գցեք 50 գրամ դառը սեւ շոկոլադը, շարունակեք խառնել, որ շոկոլադն ամբողջությամբ հալվի: Ավելացրեք նաեւ մեկ գդալ բուսայուղը եւ վերցրեք կրակից: Տաք տաք վիճակում լցրեք սառած տորթի վրա: Կարող եք վրան ընկույզի փշրանքով զարդարել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
18.03.2017