Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան և ընտրություններ

Մարտ 19,2017 12:00

Քարոզարշավը թափ է հավաքում: Քարոզարշավը պաշտոնապես սկսվեց մարտի 5-ին, բայց իրականում այն վաղուց էր սկսվել: Դաշինքներն ու կուսակցություններն ասում ու կրկնում են այն, ինչը նախքան քարոզարշավի սկսվելն էին ասում ու կրկնում: Էն ժամանակ էլ ու հիմա էլ հիմնականում իշխանափոխություն են ասում: Ընդիմությունը, իհարկե: Իշխանափոխություն ասողները նաև ասում ու շեշտում են, որ միայն իրենք են իշխանափոխություն ասում: Մի խոսքով, բոլոր դաշինքներն ու կուսակցություններն էլ գիտակցում են, որ ժողովուրդը փոփոխություններ է ուզում: Նույնիսկ իշխող կուսակցությունն է դա հասկանում, ավելի ճիշտ՝ իշխող կուսակցությունը դա բոլորից լավ է հասկանում, դրա համար էլ իր նախընտրական կարգախոսում գրել ու շեշտել է՝ «առաջընթաց»: Ի տարբերություն պարզապես փոփոխության, «առաջընթացը» ոչ թե պարզապես փոփոխություն է, այլ՝ դրական փոփոխություն: Որովհետև փոփոխությունը կարող է նաև բացասական լինել:

Այսուհանդերձ, ընտրողներից շատերի նախընտրած փոփոխության տեսակն իշխանափոխությունն է, և հավանաբար դա է պատճառը, որ ընդդիմադիրներն «իշխանափոխություն» բառը շատ հաճախ են հոլովում, և շատ դեպքերում՝ նույնիսկ անտեղի. ընդդիմադիր դաշինքներից մեկի ներկայացուցիչը չմոռանալով նշել , որ միայն իրենց դաշինքն է իշխանափոխության ձգտում, ընտրողներիս հավատացնում էր, որ եթե իրենք ձայների մեծամասնություն ստանան, անպայման իշխանափոխություն են իրականացնելու: Նա նույնիսկ վստահ էր, որ ձայների մեծամասնություն են ստանալու: Ահա այդ բարդ բանը հասկացել էր, բայց մի շատ պարզ բան չէր հասկանում. չէր հասկանում, որ եթե հրաշք տեղի ունենա, և իրենց դաշինքն իսկապես ընտրողների մեծամասնության քվեներին տիրանա, իրենք, ուզեն թե չուզեն, իշխանափոխություն պիտի իրականացնեն, ընդ որում՝ միանգամայն խաղաղ ճանապարհով և առանց արյունահեղության. առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով իրենց միջից պիտի վարչապետ ընտրեն, իրենց միջից պիտի կառավարություն ընտրեն և այլն:

Այսուհանդերձ, ակնհայտ է, որ իշխանափոխությունից ամենից շատ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներն են խոսում: Ընդ որում՝ ոչ միայն տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածուները, այլև գործիչներ, ովքեր ընդգրկված չեն տվյալ դաշինքի նախընտրական ցուցակում: Դաշինքի շահերից շարունակում է հանդես գալ Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Անհասկանալի է, թե ինչու վերջինս ընդգրկված չի ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակում, եթե պիտի նախընտրական էտապում այսպիսի ակտիվություն հանդես բերեր:

Երբ ձևավորվում էր ՕՐՕ դաշինքը, խոսակցություններ կային այն մասին, որ դաշինքի թիկունքում կանգնած է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բայց, փաստորեն, Քոչարյանի անունը նույնպես չհայտնվեց ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակում, և չնայած դրան, շատերն էլի շարունակում են ենթադրել և նույնիսկ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանն ամենաուղղակի կապ ունի տվյալ դաշինքի հետ: Ոչ հաստատում ենք և ոչ էլ հերքում, որովհետև ոչ հաստատելու և ոչ էլ հերքելու համար ստույգ փաստեր չունենք: Մենք էլ ենք որոշ բաներ ենթադրում, և, ըստ մեր ենթադրության, Քոչարյանի և ՕՐՕ-ի առնչությունը երևան կգա միայն այն դեպքում, եթե տվյալ դաշինքն ընտրություններում չափազանց բարձր արդյունք ցույց տա: Հակառակ դեպքում՝ այդպես էլ անհայտ կմնա՝ արդյոք Քոչարյանն առնչություն ունե՞ր ՕՐՕ-ի հետ, թե՝ ոչ:

Այդուհանդերձ, ինչպես Սամվել Բաբայանը, Քոչարյանը նույնպես քարոզարշավի ժամանակ պարապ չի նստել: Նա, ճիշտ է, ի տարբերություն Բաբայանի, ՕՐՕ -ի հանդեպ իր վերաբերմունքը չի արտահայտել, բայց էս նախւնտրական շրջանում ավելի հաճախ է ելույթներ ունեցել, քան նույնիսկ՝ ընտրություններին անմիջականորեն մասնակցող Լևոն Տեր-Պետրոսյանը:

Շատերն են նկատել, որ այս ընտրապայքարը գաղափարական առումով չափազանց սնանկ է: Դժվար է, իհարկե, չհամաձայնվել,որովհետև դա անառարկելի ճշմարտություն է: Բայց երբ այս միտքն ասում է Ռոբերտ Քոչարյանը, դժվար է չզարմանալ: Ավելի ես զարմանում, երբ երկրորդ նախագահն ասում է՝ «այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու» կամ՝ «միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին»: Սա ասում է մեր երեք նախագահներից այն մեկը, ով որևէ կուսակցության անդամ չէր և նույնիսկ հանրապետական չէր, և, եթե հիշում եք, հենց ինքն էր արհեստավարժների, այսինքն՝ անկուսակցականների, այսինքն՝ անձերի կառավարության հիմնադիրը: Այսինքն, հենց ինքն էր կուսակցական մտածողությունը ստորադասում անձնականին: Թե ինչ է պատահել, որ Քոչարյանն այսքան արմատապես է փոխել իր մտածողությունը, դժվար է ասել, բայց որ երիտասարդ թոշակառուի կարգավիճակը նրան ոչ միայն չի բավարարում, այլև լուրջ անհանգստություն է պատճառում, միանշանակ զգացվում է:

Արմատապես ու էապես փոխված Ռոբերտ Քոչարյանն ընտրողներիս ու բոլորին տեղեկացնում է, որ լինելու է քսակների կռիվ, ընդ որում՝ զոռբայության մթնոլորտում: Սա, իհարկե, հարյուր տոկոսանոց մարգարեություն է և բացառձակ ճշմարտություն, բայց որ այս մարգարեությունը կարող էր անել և այս բացառձակ ճշմարտությունը կարող էր ասել մանկապարտեզի երեխան, նույնպես ակնհայտ է: Քոչարյանն իր չափազանց կարճ խոսքում այլ ճշմարտություններ էլ է ասում: Ասում է, որ այս նոր սահմանադրությունը վատն է: Շատերի համար է այս նոր սահմանադրությունն արատավոր, բայց հատկապես ու առանձնապես Ռոբերտ Քոչարյանի համար է արատավոր, որովհետև վերջինիս զրկում է երրորդ անգամ նախագահ դառնալու հնարավորությունից, ինչը, կարելի է ասել, այս սահմանադրության լավագույն հատկանիշն է: Նոր սահմանադրությունը մյուս երկու նախագահներին էլ երրորդ անգամ թագավորելու հնարավորություն չի տալիս, բայց մյուս երկուսը դրանից առանձնապես չեն անհանգստանում՝ միանգամայն տարբեր պատճառներով: Երրորդ նախագահը հույս ունի 20018 թվականին դառնալ վարչապետ, այսինքն՝ երկրի թիվ 1 դեմք: Այսինքն, երրորդն իր ապագայի հարցում շատ ավելի լավատես է, քան՝ երկրորդը:

Իսկ ո՞վ է խանգարում, որ երկրորդ նախագահն էլ նոր սահմանադրության շրջանակներում ի′ր ապագայի հետ կապված լավատեսություն հանդես բերի: Ոչ ոք չի խանգարում, մանավանդ՝ ՕՐՕ դաշինքը: Եթե ՕՐՕ-ի անդամներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու մանավանդ Արմեն Մարտիրոսյանը հավատում են, որ այս ընտրություններում իրենց ՕՐՕ-ն բացարձակ հաղթանակ է տանելու, ինչու՞ Քոչարյանն էլ չի փորձում հավատալ այդ հրաշապատում հեքիաթին: ՕՐՕ-ն ընտրություններում բացարձակ հաղթանակ կտանի, Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կկազմի և 20018-ին էլ Ռոբերտ Քոչարյանին կդարձնի Հայաստանի վարչապետ: Տարբերակ է, չէ՞:

Մի խոսքով, տարբերակները շատ են: Հավատացողներն են քիչ:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

18.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031