«Դինամո» մարզադահլիճում այսօր անցկացվեց Արցախյան հերոսամարտի մասնակից, «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր, դինամոյական մարզիկ Սամվել Գեւորգյանի անվան քիկ-բոքսինգի հուշամրցաշարը:
Ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանի խոսքերով, նախաձեռնության նպատակն առաջին հերթին մարզիչների եւ պատանի եւ երիտասարդ մարզիկների մեջ հայրենասիրության դաստիարակությունն է: «Մենք այսպես ոչ միայն խթանում ենք առողջ սերունդ աճեցնելը, այլեւ նպաստում ենք, որպեսզի հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ զինվորներ տանք մեր սահմանների պաշտպանությանը», – ասաց Գառնիկ Հայրապետյանը:
Մրցաշարին մասնակցեց Երեւանի բոլոր վարչական միավորների, գրեթե բոլոր մարզերի տարբեր տարիքային խմբերի շուրջ 220 մարզիկ: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ գավաթներով, իսկ հուշամրցաշարի մեկնարկից առաջ Սամվել Գեւորգյանի որդին՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հատուկ գավաթով պարգեւատրեց ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Հաջիյանի որդուն՝ Գրիգորի Հաջիյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ