Այսօր Aravot.am-ը հրապարակել էր բաց նամակ մի քաղաքացուց, ով իր դժգոհություններն էր հայտնում «Աստղիկ» ԲԿ-ի որոշ ծառայություններից: Ի պատասխան նամակագրի և նամակը հրապարակած լրատվամիջոցի՝ տեղեկացնում ենք, որ «Աստղիկ» ԲԿ-ն առաջին հերթին հումանիտար կառույց է և հետո միայն բիզնես, որի համար որպես գերակա շահ մշտապես մնում է մարդկային առողջության պահպանումը։
Ինչ վերաբերում է քաղաքացի Գայանե Մկրտչյանի դժգոհություններին, ապա «Աստղիկ ԲԿ»-ն պարզաբանում է նամակի ողջ բովանդակությունը:
Գայանե Մկրտչյանի դուստրը՝ Նարե Երանյանը հղիության ողջ ընթացքում գտնվել է «Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկների հսկողության ներքո։ Հարկ է նշել, որ Նարե Երանյանն ինքն է ընտրել և՛ բուժհաստատությունը, և՛ բժշկին՝ հաշվի առնելով, որ նա բնակվում է «միջին հեռավորության գյուղում»: Համաձայն հղիության վերահսկման կարգի՝ հղին 40-42 շաբաթական հղիության փուլում գտնվում է բժիշկների ամենօրյա հսկողության տակ։ Ստացիոնար բուժման ցուցումների բացակայության դեպքում հսկողությունը շարունակվում է ամբուլատոր կարգով։ Սա համարել «տանջանք» միանգամայն սխալ է:
Ս.թ մարտի 10-ին՝ մինչև հոսպիտալացվելը, հղիի մոտ տեղի է ունեցել վաղաժամ պտղաջրերի արտահոսք: Վերջինս եղել է գիտակից, անցել է նախավիրահատական բոլոր հետազոտություններն առանց որևէ շտապողականության: «Անգրագետ և սադիստ» բժիշկների շնորհիվ Նարեն լույս աշխարհ է բերել 3,8 կգ քաշով և 53սմ հասակով առողջ երեխա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վճարված գումարին, պարզաբանում ենք, որ հղին ինքն է ընտրել առանձին, վճարովի հիվանդասենյակ։ Գայանեն նախապես տեղեկացվել է, որ հիվանդասենյակը նախատեսված է միայն հիվանդի համար, առկա է 1 մահճակալ, և կարիք չկա հիվանդապահի: Աթոռին արթուն լուսացնելու համար հիվանդանոցը պատասխանատվություն չի կրում:
Ի հավելումն նշենք, որ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկների մասնագիտական պատրաստվածության և բարձր գիտելիքների շնորհիվ հաստատությունում վերջին 10 և ավելի տարիների ընթացքում մայրական մահացության դեպք, Փառք Աստծո, չի գրանցվել:
«Աստղիկ» ԲԿ