Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշում է. «Ժամանակակից արվեստի թանգարանը կարող է էքսպերիմենտներ թույլ տալ, նոր նկարիչների ինքնադրսևորվելու հնարավորություն տալ։ Բայց մենք կարևորում ենք, որ ստեղծագործողն իր ձեռագիրն ունենա։ Շարունակելով Հենրիկ Իգիթյանի ավանդույթները, որը, երբ տեսնում էր, որ նկարիչն ունի բացառիկ զգացողություն, միշտ փորձում էր առաջ բերել նրա անունը, մենք ևս շատ հավանեցինք Կարինե Վարդանյանի ինքնատիպ աշխատանքները և կազմակերպեցինք այս ցուցադրությունը։ Նրա աշխատանքների հետ մեկտեղ ցուցադրված են նաև որդու քանդակները, որոնք ամբողջովին պատրաստված են ստամատոլոգիական գործիքներից»։
1977թ.-ին Կարինե Վարդանյանը ավարտեց Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը։ Եվ իր «Վերջին լուսանկար»-ի համար, որը ճանաչվեց այդ տարվա լավագույն աշխատանք, ստացավ ուղեգիր Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կրթությունը շարունակեց մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետում։
Մեզ հետ զրույցում նկարչուհին նշեց. «Այս դեմքերից շատերը իրական կերպարներ են, որոնց հնարավոր է նույնիսկ տեսնել փողոցում։ Նրանց դեմքի միմիկաներով փորձել եմ որոշակի հույզեր փոխանցել՝ միայնության, ցավի, ուրախության, և եթե դուք նկարներին նայելիս ինչ-որ բան զգացել եք, ապա իմ ասելիքը տեղ է հասել»։
Կարինե Վարդանյանը երկար տարիներ շարունակ չի ստեղծագործել, և սա նրա առաջին ցուցահանդեսն է։ Հարցին, թե արդյոք նա կշարունակի ստեղծագործել, պատասխանեց. «Միանշանակ։ Եթե քառասուն տարվա դադարից հետո իմ մեջ ուժ եմ գտել և պատրաստվել եմ այս ցուցահանդեսին, ուրեմն հետագայում էլ կշարունակեմ ստեղծագործել»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 22-ը։
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Մերի Աբրահամյանի