Մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում գեղանկարչուհի Արմինե Թումանյանը ներկայացավ իր առաջին անհատական ցուցահանդեսով, որը կրում է «Հավերժ ճամփորդ» խորագիրը:
«Ես ուզում եմ բոլորին խորհուրդ տալ, կոչ անել՝ եթե հավատում եք մի բանի, ունեք երազանք, ապա ինչքան էլ դժվար լինի՝ անպայման հավատարիմ մնացեք դրան ու իրականացրեք», – ասաց գեղանկարչուհի Արմինե Թումանյանը՝ անվանելով այս ցուցահանդեսն իր իրականացած երազանքներից մեկը:
Առանձնացված երկու շարքերից մեկը նվիրված է հայկական դիցաբանությանն ու պատկերում է հեթանոսական շրջանի աստվածներին: Արմինեն ասում է. «Ես քրիստոնյա եմ, բայց այս քայլով հարգանքի տուրք եմ տալիս մեր պատմությանը: Դիցաբանության մեջ կա այն սերը բնության նկատմամբ, որի մասին բոլորս մի քիչ մոռանում ենք: Պատվելով բնության տարերքների աստվածներին` մենք հարգում ենք նաև բնությունը:
Ցուցահանդեսի օրերն էլ պատահական չեմ ընտրել. մարտի 20-ի լույս 21-ի գիշերը հին տոմարով նշվելու է նոր տարին, և ուզում էի ցուցադրություն անել ամանորին ընդառաջ»: Մեզնից շատերը հեռվում գտնվող ընկերների նկատմամբ ուշադրությունն ու սերն արտահայտում են` մեծամասամբ ֆեյսբուքյան գրառումներ հավանելով, տեղ-տեղ էլ մեկնաբանելով: Արմինեն այդ անելու համար մեկ այլտարբերակ է գտել՝ նրանց կամ, գուցե, ինքն իրեն նվիրել է ոչ թե ֆեյսբուքյան գրառում, այլ դիմանկարների շարք:
Կարդացեք նաև
«Աշխարհի կանայք» խորագրի տակ նա հավաքել է տարբեր ազգային պատկանելություն ունեցող իր ընկերուհիներին, որոնք այս կամ այն երկրի դիվանագետների կանայք են և իրենց հետքն են թողել իր կյանքում. «Այս պահին նրանք արդեն Հայաստանում չեն, բայց ես որոշել եմ, որ այս կերպ պիտի պատվեմ իրենց ներկայությունն իմ կյանքում՝ թողնելով իրենց դիմանկարն ինձ մոտ»:
«Աշխարհի կանայք» ու «Հին աստվածները» կցուցադրվեն մինչև մարտի 27-ը:
Լառա ՀԱԿՈԲՅԱՆ