Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աշուղյան. «Խաչիկ Մանուկյանի միջով անցավ Հաց բերողի ցավը»  

Մարտ 18,2017 21:19

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանք» եւ «Փոքրիկ զորավարը» գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսը բացվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված «Հաց եմ բերել, տղերք»  երգով, որի խոսքերի հեղինակը հենց ինքը` Խաչիկ Մանուկյանն է, իսկ երաժշտության հեղինակ-կատարողը` Արմեն Մովսիսյանը:

Գրքերի հեղինակը, նախապես պլանավորած ծրագրից, դուրս էր թողել երաժշտական ուրախ կատարումները, միջոցառումը նվիրվեց Արթուր Սարգսյանի հիշատակին: «Մեծ ցավ եմ ապրում, նման վերաբերմունքն անընդունելի էր Արթուր Սարգսյանի նկատմամբ: Նա ընդամենը հաց էր տարել»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:

«Եթերային ապարանք»-ի էջերում ամփոփվում է հեղինակի նոր, ժամանակակից եւ բազմաժանր բանաստեղծությունները, որը բանաստեղծի տասնհինգերորդ հրատարակված գիրքն է: Խաչիկ Մանուկյանի խոսքերով` գրքում մեր լավ ու վատ օրերն են, մեր կյանքն է՝ ձեռքբերումներով, կորուստներով: Ցավոք, կորուստները փոքր-ինչ ավելի են եղել: Ներառված են հեղինակի` վերջին երկու տարիների ստեղծագործությունները: Երկրորդ` «Փոքրիկ զորավարը» գրքում զետեղված են մանկական բանաստեղծություններ:

«Հրդեհի նման բռնկուն են Խաչիկ Մանուկյանի տողերը: Նա կարծես մարտահրավեր է նետում բիբլիական, կարծրացած ընկալումներին»,-իր խոսքում նշեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Բանաստեղծ Հովիկ Հովեյանը Խաչիկ Մանուկյանին անվանեց մեր ժամանակների ինքնատիպ կերտողներից:

Գրքերի հովանավոր Գագիկ Հարությունյանի խոսքերով` Խաչիկ Մանուկյանը գնահատում է մեր լեզուն, նրա գործերում հայի բնություն կա. «Մեծ պատիվ էր այս գրքերի տպագրությունը հովանավորել: Ուրախ եմ, որ այս ժամանակն ինձ համար լցված է Խաչիկ Մանուկյան տեսակով: Խաչիկն իր գործերում տղա է, որդի է, ծնող է, զինվոր է, սիրեկան է, չար երեխա է: Դժվար պահերին ես կա՛մ Մանսուրյանի գործերն եմ լսում, կա՛մ Նիցշե եմ կարդում, կա՛մ էլ` Խաչիկ Մանուկյան»:

ԵԿՄ վարչության կողմից բանաստեղծն իր ակտիվ քաղաքացիական գործունեության համար պարգեւատրվեց «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալով:

«Եթե մեկը ցանկանա պատկերացում կազմել մեր ժամանակների խնդության եւ ցավի, տագնապների եւ հույզերի մասին, Խաչիկ Մանուկյանի պոեզիան կարդալով` այդ ամենը կտեսնի: Խաչիկը այն քիչ բանաստեղծներից է, որի միջով անցավ «Հաց բերող»-ի ցավը»,- հավելեց բանաստեղծուհի, թարգմանչուհի, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը:

Գրողի ստեղծագործությունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, բանաստեղծներ Կարինե Աշուղյանը, Հովիկ Հովեյանը, Հասմիկ Սարգսյանը, Անահիտ Դանիելյանը եւ այլք:

«Այս օրը սկսեցի Արթուր Սարգսյանով եւ ավարտում եմ իրենով: Հաց հասցնելը ազնվագույն գործ է, հատկապես հայ մարդու դեպքում, որը դարերից եկող հյուրասեր նկարագրի կրողն է: Այդ խորհուրդը, որն ունեցավ Արթուր Սարգսյանը, կցանկանայի` բոլորս կրեինք մեր մեջ»,- իր խոսքն այսպես ավարտեց բանաստեղծը:

Խաչիկ Մանուկյանը հայտնեց, որ նոր բանաստեղծություն է գրել նվիրված Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող»-ին, որը, հավանաբար, կզետեղվի հաջորդ գրքում:

Մերի ԻՍԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031