Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցներն այս պահին Հանրապետության հրապարակում են: Նրանք երթով Մաշտոցի պողոտայում եկան կառավարության շենքի մոտ, եւ վարչապետի օգնականին հինգ րոպե ժամանակ են տվել, որպեսզի նա ներկայացնի իրենց պահանջի պատասխանը:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցը օրերս է մեկնարկել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով: Իսկ կառավարությանը դիմել էին, որպեսզի թույլատրեն Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում:
Վարչապետի օգնականի այդպես էլ չներկայանալուց հետո երթի մասնակիցները Շահեն Հարությունյանի կոչով նստեցին Հանրապետության հրապարակում. Նրանք վանկարկում են՝ «Հաց բերողին սպանել են: Մարդասպան հեռացիր»:
Ոոստիկանությունը փորձում է ուժի գործադրմամբ նստածներին ոտքի բարձրացնել: Հրապարակում լարված իրավիճակ է:
Կարդացեք նաև
Ցուցարարները գոռում են՝ «Մի տարեք, թողեք, ուր եք տանում մարդկանց»:
Ցուցարարներից մեկն էլ բարձրախոսով ասաց. «Եթե Շահենի գլխից մազ պակասեց, ես դառնալու եմ մահապարտ»:
Այս պահին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ հրմշտոց է: Ցուցարարներն ասում են՝ «Շահենին բռնել են», Շահենն ուր է»: Տեսադաշտում Շահեն Հարությունյանը չի երևում, ցուցարարներն անհանգստացած են, իսկ Օսիպյանն այս առնչությամբ որեւէ պարզաբանում չի տալիս:
Մոտ 10 րոպե հետո հայտնվեց Շահեն Հարությունյանը: Այնուհետև ցուցարարները որոշում են վաղը ժամը վեցին կրկին հավաքվել Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ ցուցարարները նաեւ պահանջում են արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես նաեւ, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել դատավոր Մկրտչյանի եւ Էդ. Հակոբյանի նկատմամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ