Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը ցուցարարներին. «Ընդամենը 5-10 րոպե է հարկավոր ձեզ կարգի հրավիրելու»

Մարտ 18,2017 20:36

Օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով  բողոքի ցույցից հետո Շահեն Հարությունյանի առաջնորդությամբ մասնակիցները երթ սկսեցին դեպի կառավարության շենք:

Մինչ այս շենք հասնելը երթի մասնակիցները իրենց բողոք-պահանջը ներկայացրեցին գլխավոր դատախազության շենքի մոտ: Ապա, երբ նույնը փորձեցին անել արդարադատության շենքի մոտ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց՝ առանց հիմնավորման: Այս պահին երթի մասնակիցները արդարադատության շենքի մոտ են. Շահեն Հարությունյանի հետ զրույցում Օսիպյանը նորից կրկնեց՝ «Դուք բախում եք հրահրում»: Ապա, երթի մասնակիցների պնդմամբ,  Օսիպյանը հիմնավորեց.  «Դուք վստահություն չեք ներկայացնում, դուք թիրախավորում եք ոստիկանությանը, անհամաչափ գործողություններ եք անում: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք ցանկություն չունենք ձեզ հետ բախում, քաշքշուկ ստեղծելու: Եթե ցանկություն լիներ,  ընդամենը 5-10 րոպե է հարկավոր ձեզ կարգի հրավիրելու: Իմ կապի միջոցը» ընկել էր գետնին, փորձում էինք վերցնել, ձեր երթի մասնակիցները հրմշտում էին: Ես վստահությունն եմ ասում»:

Ցուցարարներն էլ վստահեցրին՝ իրենք էլ ցանկություն չունեն բախումների:

Ապա Օսիպյանն ասաց. «Ներկայացնում եմ օրենքը՝ «ՀՀ ոստիկանության ծառայության մասին» օրենքի հոդված 22-ով ոստիկանությունն իրավունք ունի թե տրանսպորտային միջոցներին, թե քաղաքացիներին պարտադրի ժամանակավորապես հասարակական կարգը պահպանել այնտեղ, որտեղ ոստիկանությունը նպատակահարմար է գտնում: Ես նպատակահարմար եմ գտնում այստեղ»:

Երթի մասնակիցներն էլ հակադարձեցին, որ ՀՀ Սահմանդրությունը չի արգելում ՀՀ քաղաքացիներին խաղաղ երթ անցկացնելու:

Երթի մասնակիցներն իրենց հայտարարությունն անելուց հետո շարունակեցին իրենց երթը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով  բողոքի ցույցից հետո մասնակիցները երթ սկսեցին:

Նրանք պահանջում են արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես նաեւ, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել դատավոր Մկրտչյանի եւ Էդ. Հակոբյանի նկատմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031