«Ցնցումներ է առաջացնում իրենց վարկանիշային համակարգը՝ «բոլորը բոլորի դեմ»…»,-Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հավաքի ժամանակ անդրադառնալով վարկանիշային ընտրակարգի հետեւանքով ՀՀԿ-ականների մասնակցությամբ տեղի ունեցող միջադեպերին, հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ խնդիրների պատճառն այն է, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը. «Շատ են ասում, թե պետք է ուժեղ Հայաստան, որ լուծվի Արցախի խնդիրը…Ճիշտ է ասվում, բայց է՞ս ա ուժեղ Հայաստանը…սե՞նց են ուժեղ Հայաստան կառուցում ու հզորացնում: Իրական աղքատությունը 60 տոկոս է, եթե ոչ ավելի: Եթե այս ընտրությունները կեղծվեն, դա կնպաստի արտագաղթի աճին»:
Դեմիրճյանի համոզմամբ՝ ապրիլի 2-ի ընտրությունները հնարավորություն տալիս են իրավիճակ փոխել, այդ պատճառով գիտակցված ընտրություն պետք է կատարել. «Ժողովուրդը շատ բարձր գին կվճարի, եթե խորհրդարանը ձեւավորվի կեղծիքներով եւ ընտրակաշառք բաժանելով»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ