«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հերթական նախընտրական հավաքն այսօր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում էր, որտեղ դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հայտարարեց. «Միակ քաղաքական ուժը, որը ներկայացնում է քաղաքական ծրագիր, դա «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է»:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է հակամարտությունը լուծի փոխզիջումային տարբերակով: «ՀՀ զարգացման միակ պայմանը խաղաղության հասնելն է: Այդ դեպքում կբացվեն ճանապարհները, տնտեսությունը կզարգանա»,- հավելեց Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով երանոսցիներին, ասաց. «Գիտեմ, որ ապրիլին բոլորը գնալու են խոպան: Բայց ի տարբերություն նախորդ տարիների, Մարտունու շրջանից հիմա ընտանիքներով են գնում: Այս անկումը պետք է կասեցնել… Ձեր քվեն անգին է, այն չի կարելի վաճառել, աճուրդի հանել եւ տալ որեւէ խոստման դիմաց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ