Այսօր «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի բնակիչների հետ: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորության թեկնածուն եւս մեկ անգամ բացառեց իշխանության հետ կոալիցիայի կազմումը, միաժամանակ հորդորելով իրենց քվեն տալ «Ելք»-ին: Ներկայացրեց նաեւ դաշինքի 30 կետից բաղկացած ծրագիրը:
«Ձեզ բաժանված է 30 քայլանոց ծրագիր, որը, որ մեր իշխանության գալու պարագայում իրականացվելու է: Եւ Հայաստանը լինելու է արդիականացված, ռազմաարդյունաբերություն ունեցող, հզոր բանակով երկիր: Որտեղ ոչ թե մարդիկ, լքում են, գնում այլ երկրներում իրենց երազանքն իրագործելու, այլ վերադառնում են, որ իրենց հայրենիքում, իրենց երազանքներն իրագործեն»:
Բնակիչներից մեկը Մարուքյանին դժգոհեց թաղամասում իրականացվող աղբահանությունից. «Մեր շենքի հետեւի աղբը ո՞նց տի ըլի»:
Հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց. «Մենք քաղաքային իշխանություն չունենք, երբ որ կունենանք, էն վախտ էլ քաղաքապետի լիազորություններից բխող հարցերով կդիմենք, կզբաղվենք»:
Կարդացեք նաև
Բնակիչներից մեկն էլ վստահեցրեց, որ թաղամասում շատերն են իրենց ձայնը տալու «Ելք»-ին, սակայն բակային հանդիպումներին վախենում են մասնակցել. «Ասում ա, շան կծելուց չեմ վախում, բայց որ կծում ա, զահլես ա գնում: Էդ պահն ա էլի: Մարդիկ վախում են ստեղ երեւալուց, բայց խցիկում համարձակ են: Ավագանու ընտրությունների ժամանակ էլ նույն իրավիճակն էր, բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեց, որ ակտիվ են Բազումում»:
Հանդիպման եկած տատիկներից մեկն էլ ասաց. «Ինձ մոտիկ մարդ ա, զանգել ասել ա, թե ում ընտրեմ: Ոչ թոշակիցս կկտրեն, ոչ էլ վախում եմ, իրան օրըմ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ