Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիսական» գնդի հրամանատարը երիտասարդների նախաձեռնությունը հասկանում է, բայց հորդորում է բարձր պահել Պանթեոնի պատիվը

Մարտ 18,2017 19:32

«Պանթեոնի գաղափարն ինձ համար վեհ է: Մենք պարտավոր ենք այդ պատիվը բարձր պահել»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «հաց բերող» Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու նախաձեռնությունը, արձագանքեց «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Նրա խոսքով՝ ինքը բարձր է գնահատում Արթուր Սարգսյանի արարքը, սակայն համարում է, որ նրա տեղը Եռաբլուր պանթեոնը չէ, քանի որ այնտեղ հուղարկավորված են ռազմական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկներն ու զինծառայողները:

Աշոտ Մինասյանը, մասնավորապես, ասաց. «Ես դեմ եմ նրան, ինչ նախաձեռնել է երիտասարդությունը: Ի՞նչ է նշանակում տանել պանթեոնում հուղարկավորել: Բոլորս հասկանում և գիտակցում ենք, թե պանթեոնը ինչի համար է և ինչ նշանակություն ունի: Եթե մենք սկսենք հուղարկավորել մարդկանց, ովքեր պատերազմի մասնակից չեն և չեն զոհվել պատերազմում, ուստի կարող եմ ասել, որ մենք այդ կերպ պանթեոնները կարող ենք դարձնել գերեզման, ինչը ցանկալի չէ մեր ազգի, պետության, ժողովրդի համար: Պատերազմի մասնակից յուրաքանչյուր զինվոր և զինվորական, ազատամարտիկ պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում մասնակցել պատերազմին և հուղարկավորել պանթեոնում: Եթե այդպես լինի, ապա Երևան քաղաքը մեզ կարող է չհերիքել պանթեոն կառուցելու համար: Հիմա դեռ կենդանի են 30-40 հազար ազատամարտիկներ, որ բոլորիս բերեն պանթեոնում հուղարկավորելու, վերջը ի՞նչ է դառնալու: Ի՞նչ ենք դարձնելու Երևանը, պանթեոնը,  այդ ամենն իմաստը կորցնում է, իրավունք չունենք նման սխալ կատարելու: Ճիշտ հասկացեք՝ մենք վերջապես այս երկրում պետք է տարբերենք գերեզմաններն ու պանթեոնները:

Ինչ է նշանակում յուրաքանչյուր մարդու տանել պանթեոն: Շատ լավ, ես ընդունում և հարգում եմ «հաց բերող»-ին, մարդը բարի գործ է կատարել, բայց չի նշանակում, որ իրեն պետք է ընդունենք այն ձևի մեջ, որ տանենք հուղարկավորենք պանթեոնում: Այդ դեպքում ինչի ենք տանում պանթեոնում կամ Եռաբլուրում հուղարկավորում, եկեք տանենք ավելի բարձր տեղ, բերեք տանենք Կոմիտասի պանթեոնում հուղարկավորենք: Չի կարելի վերջապես, ամեն ինչ իր տեղն ու ձևն ունի:Ամեն մարդ պետք է իր տեղում լինի: Հարցրեք՝ բոլոր նախարարներին, Սերժ Սարգսյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին: Հարցրեք՝ ամեն դեպքում Աշոտ Մինասյանը զանգե՞լ է, հարցրե՞լ է՝ ի՞նչ հանգամանքներում է զինծառայողը մահացել, իրավունք ունե՞մ նրան հուղարկավորել Սիսիանի պանթեոնում: Պանթեոնի գաղափարն ինձ համար վեհ է: Մենք պարտավոր ենք այդ պատիվը բարձր պահել: Ես ինքս մի քանի ինֆարկտ եմ տարել և արդեն իսկ պատգամել եմ երեխաներիս, որ ինձ իմ հայրենի գյուղում հուղարկավորեն: Մենք պետք է ճշմարտությանը բաց աչքերով նայենք, երիտասարդների նախաձեռնությունը հասկանում եմ, բայց ամեն մարդ իր տեղում պետք է լինի: Կանցնի մի քանի օր, և մենք կհասկանանք, որ անմիտ պահանջներ են հնչել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031