Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ուրիշ պաշտոնյաներ նախընտրական հանդիպումներ ունեցան Տավուշի մարզում: Այցը սկսվել է Դիլիջանում կայացած հանդիպումով: Ժամը 13.40-ին նախընտրական հավաք մեկնարկեց մարզկենտրոն Իջեւանի մշակույթի տան հարակից հրապարակում: Մինչ այդ Իջեւանի մշակույթի տանը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի երկրապահ կամավորականների, բնակչության հետ,որի ընթացքում կոչ է արել առաջիկա ընտրություններում ձայն տալ ՀՀԿ-ին: Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք բարձրացրել են պետության կողմից իրենց սոցիալական վիճակի բարելավման հարցը:
Ժամը 13.40-ին Իջեւանի մշակույթի տան կից հրապարակում սկսվեց նախընտրական հավաք-հանդիպումը: Ոստիկանները կառուցված հարթակից մոտ 10 մ հեռավորությամբ մետաղյա արգելապատնեշ էին տեղադրել, որից այն կողմ ՀՀԿ երիտասարդ ակտիվիստներն էին, Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչներ: Երիտասարդները պարզել էին եռագույն դրոշներ, որոնց 3-րդ գույնը նարնջագույնի փոխարեն դեղին էր:
Ելույթ ունեցան Արփինե Հովհաննիսյանը,Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը: Ա. Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ Տավուշի մարզի ճանապարհների վիճակին, ասելով, որ մարզում ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվելու, նշելով դրանք, նա մարզի Չորաթան գյուղի անունը սխալ ասաց՝ Չորթան:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ցանկացած ընտրություն կատարելը բարդ է, մանավանդ՝ խորհրդարանական: Նա հայտարարեց, որ պետք է հավատալ իրական խոստումներին, ասելով՝ պատկերացրեք 2 մարդ, որոնք մեքենա են առաջարկում, մեկը խոստանում է մեքենա, որը խնամք է պահանջում, վառելիքը եւ յուղը փոխել է պետք, մյուսն առաջարկում է մեքենա, որը անվճար է տրվում, առանց վառելիքի է երթեւեկում: Պետք է պարզել խոստումների իրական լինելը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանն անկախանալուց հետո հիմնախնդիրներ է ունեցել, ՀՀԿ-ն ունեցել է նաեւ սխալներ, որոնք այդ կուսակցությունն ի տարբերություն այլոց, անկեղծորեն նշել է: Նա ասաց, որ իր որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի տնտեսությունն աճել է, մենաշնորհները նվազել, արտահանման ծավալներն ավելացել են:
Հավաքի ավարտին բազմաթիվ մարդիկ մոտեցան վարչապետին եւ նրան ներկայացրին իրենց սոցիալական խնդիրները: Կարեն Կարապետյանը եւ մյուս պաշտոնյաները Իջեւանից մեկնեցին Բերդ, ապա՝ Նոյեմբերյան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ