Օրերս ՀՀ մի շարք անվանի բժիշկներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը գոհունակություն են հայտնել, թե այժմ առողջապահության ոլորտում վերին էշելոններում կոռուպցիոն երևույթները բացակայում են:
Վարչապետի հետ հանդիպմանը ներկա են եղել տարբեր բժշկական հաստատությունների գլխավոր բժիշկներ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Դերենիկ Դումանյանը, Արա Մինասյանը, ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արա Բաբլոյանը և այլք:
Aravot.am-ը պարոն Բաբլոյանից հետաքրքրվեց` որո՞նք են նման լավատեսության հիմքերը և մասնավորապես ինչպիսի՞ն է եղել իրենց գնահատականն առողջապահության համակարգի ներկայիս վիճակի վերաբերյալ:
Պարոն Բաբլոյանը մանրամասնեց. «Մենք վարչապետի հետ հանդիպմանը մեր գնահատականը հնչեցրինք այն մասին, որ այժմ թե՛ գործակալությունում, թե՛ ընդհանրապես ոլորտում վերացված է որևէ կոռուպցիոն երևույթ ու պրոտեկցիոնիզմ: Նկատի ունեինք այն, որ եթե ժամանակին կային դեպքեր, երբ, օրինակ, պայմանավորվում էին, որ պետպատվեր ստանան և այլն, այդօրինակ դեպքեր այժմ չկան»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, այն, որ անվանի բժիշկները շեշտել են, թե այժմ չկան կոռուպցիոն արատավոր երևույթներ ոլորտում, նշանակո՞ւմ է արդյոք այն, որ այստեղ որոշիչ է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուի փոփոխության գործոնը, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք նման արատավոր երևույթներ կային, այժմ` ոչ, պարոն Բաբլոյանն արձագանքեց. «Ոչ ոք չի նշում, թե ում օրոք կար, ում` չկար: Ընդհանրապես, եթե ժամանակին ինչ-որ մեկի օրոք եղել է, ուրեմն այս պահին չկա: Ոչ ոք չի ուզում համեմատություն անցկացնել անձանց միջև, որ ինչ- որ մեկի օրոք կար, հիմա չկա: Ուղղակի մարդիկ կոնկրետ հայտարարեցին, որ այժմ ոլորտում իրավիճակը լավ է»:
Արա Բաբլոյանին հիշեցրինք, որ անվանի բժիշկները նաև շնորհակալություն էին հայտնել վարչապետին այն բանի համար, որ այժմ կեղծ դեղերի շրջանառության դեպքեր չկան, այնուհետև հարցրինք` ի՞նչն էր խանգարում, որ նախկինում այս խնդրին լուծում տրվեր, պարոն Բաբլոյանը գերադասեց չպատասխանել հարցին` պատճառաբանելով, թե ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում ինքն այժմ գտնվում է Իջևանում, հանդիպումներ է ունենում ժողովրդի հետ ու այդքան ժամանակ չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ