«Գիրքը ամենավտանգավոր արմատական կառույցի՝ իսլամական պետության մասին է»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 2016 թ-ի հոկտեմբերին հրատարակած իր գրքի մասին, ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ. Սարգիս Գրիգորյանը: Գրքի անվանումն է «Իսլամական պետություն. ակունքներից մինչև խալիֆայության հռչակում»:
Հեղինակի խոսքով՝ նա փորձել է գնալ դեպի ակունքները, ուսումնասիրել առաջնորդներին, փորձել է պարզել այն պատճառները, որոնք հնարավորություն են տվել այդ կառույցին շատ արագ վեր բարձրանալ և դառնալ իսլամական ծայրահեղ արմատականության առաջատարը: «Գրքում տալիս եմ նաև նմանատիպ կառույցների դեմ արդյունավետ պայքարելու իմ տեսլականը, որոշակի մտքեր եմ արծարծել այն իրողությունների շուրջ, որ իսլամական ծայրահեղ արմատականությունը, գաղափարախոսությունը արմատախիլ անել հնարավոր չէ: Կարծել թե, հնարավոր կլինի իսլամական պետությանը ոչնչացնել և դրանով ամեն ինչ կավարտվի, սխալ է, բայց միտումները չեզոքացնել հնարավոր է»:
Գրքում խոսվում է նաև ինչպես պարոն Գրիգորյանն ասաց՝ մեզ համար շատ կարևոր թեմայի մասին .ադրբեջանցի իսլամականները, հատկապես ադրբեջանական կառույցները, որոնք այս վերջին տարիների ընթացքում Սիրիայում բավականին ակտիվ են եղել:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք չի՞ նախատեսվում գիրքը թարգմանել անգլերեն կամ ռուսերեն ՝ հաշվի առնելով, որ այնտեղ մի մաս վերաբերում է մեզ համար կարևոր խնդրի, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց, որ գրքում կան փոքրիկ հատվածներ և անգլերենով, և ռուսերենով: 2017 թ-ին պարոն Գրիգորյանը նախատեսում է հրապարակել Կովկասում իսլամական ծայրահեղ արմատականությանը վերաբերող հոդված: «Շատ հնարավոր է, որ դա թարգմանվի: Այդտեղ հատկապես է խոսվելու ադրբեջանական կառույցների, առաջնորդների և սպասվելիք վտանգների մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ