Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին` «Աստղիկ» ԲԿ-ում տեղի ունեցածի մասին

Մարտ 18,2017 12:27

Պարոն Ալեքսանյան, շատ հասկանալի  պատճառով՝ մեկ շաբաթ ուշացած նամակ է:

Ձեր հիվանդանոցի հետ գործ ունենալուց հետո հասկացա, թե ինչու վիճակագրությամբ ամենից շատ բռնության են ենթարկվում բժիշկները:

Ո՞վ էր տեսել 42 շաբաթական հղիին 2 օր տանջեն, հաջորդ օրը հիվանդանոցից դուրս հանեն, մի ողջ օր ձգեն, հեռախոսով համոզելով, թե հերոսական աղջիկ ես, դիմացի, հետո միայն ուշագնաց, վերջին վայրկյաններին հասցնեն հիվանդանոց ու առանց որևէ նախապատրաստության կեսարյան հատում անեն:

Ի՞նչ անուն տաս բժշկին, որը պատճառաբանելով, թե գինեկոլոգը հոգնած է ողջ գիշերվա  ընթացքում, թող հանգստանա՝ քայլելու և մտածելու անընդունակ ծննդկանին դնում է մեքենայի մեջ և ամուսնուն համոզում տանել տուն` միջին հեռավորության գյուղ` սպասելու: Պատճառաբանությամբ, որ քնի- հանգստանա, ուժ հավաքի: Կա՞ աշխարհում մեկը, որն այդ վիճակում կքնի: Ազնիվ կլիներ, որ ուղարկեր ուրիշ հիվանդանոց: Բայց ոչ, լավ բիզնեսմենի հիվանդանոցում հաճախորդ չեն կորցնում:

Ակամա համեմատություն է ծնվում աշխարհի հետ, որտեղ  հերթագրվում են` տիեզերք զբոսաշրջիկ մեկնելու համար, իսկ մեր աղջիկները անգրագետ ու սադիստ բժիշկների շնորհիվ երեխա են ունենում այնպիսի անմարդկային տառապանքով, ինչպես մեր նախատատերը` խոտհնձի ճանապարհին:

Իհարկե, Սամվել Ալեքսանյանը Հիպոկրատին երդում չի տվել, և իբրև գործարար առաջնորդվում է քիչ բժիշկով առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությամբ: Սակայն եթե օղին, շաքարավազը, ալյուրը կամ թռչնամիսը կարող են վնասել գրպանին և առողջությանը, այս դեպքում կարող է կյանք արժենալ: Մի խնայեք մարդկանց կյանքի գնով: Մեկ վիրաբույժը, թեկուզ ամենալավը կոնվեյեր (հարահոս) չէ, բժիշկը մարդ է, որը կարող է հոգնել, ձեռքը դողալ և այլն: Միայն բժիշկների սակավությամբ և ձեռքից հաճախորդ բաց չթողնելու հայի սովորությամբ է բացատրվում այն, ինչ կատարվեց:

Փաստորեն հիվանդանոցը ոչ միայն եվրալաբիրինթոս հիշեցնող երկնաքերն է, ամենուր հնչող գովազդը, անգլերեն exit գրությունները, այլև առաջարկին բավարարող լավագույն բժիշկները:

Բարեբախտաբար, լավ վիրաբույժի  շնորհիվ ամեն ինչ լավ վերջաբան ունեցավ: Ես մայր եմ, սա պատահեց իմ աղջկա ու մեր մեծ ընտանիքի հետ, և չէի կարող լռել:

Իբրև լրագրող, թեկուզև պասիվ, չէի կարող չնախազգուշացնել Ձեզ` պարոն Ալեքսանյան և մյուս հայերին:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ. Տխուր նոտայով չավարտենք: Պարզվում, օրը 10 հազար պալատին վճարելուց հետո հիվանադապահը պիտի առձեռն վճարի ևս 5 հազար դրամ, գիշերը չոր աթոռին արթուն լուսացնելու համար: Գումարը հավաքողների բացատրությամբ` այսպես է տարիներով, և այդ թանկարժեք աթոռները 12-ը չեն, այլ` հարյուրավոր: Հանրապետության բոլոր  ոլորտները շտկելու արշավին լծված Կարեն Կարապետյանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այս պուճուր ստվերի, շորթումի և աբսուրդի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031