1.Արդյո՞ք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել:
Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները, զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճjուղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝ ոչ:
2.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն համայնքում, ուր հաշվառված է:
Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա կարող է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանության անձնագրային բաժին: Դիմումը պետք է ներկայացնել կամ հաշվառման վայրի, կամ էլ քվեարկության օրը գտնվելու վայրի անձնագրային բաժին:
Կարդացեք նաև
3.Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:
Ընտրությունները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քվեարկում են կուսակցություններին ու դաշինքներին: Դրանից հետո ընտրողը կարող է իր տարածքում իր ընտրած կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ձայն տալ: Առավել ձայներ հավաքած տարածքային թեկնածուները ընդամենը առավել անցողիկ հորիզոնական կգրավեն իրենց կուսակցության ցուցակում:
Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև տեղերի բաշխման վրա ռեյտինգային ընտրությունը չի ազդում, դրա վրա ազդում են միմիայն այն, թե որ կուսակցությունը կամ դաշինքը քանի քվե է ստացել:
4.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել մի կուսակցության, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:
Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն կուսակցության կամ դաշինքի համար մեկական: Քվեախցիկում ընտրողը այդ 9 քվեաթերթիկներից ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քվեաթեթրիկները գցելով հատուկ արկղի մեջ: Այնուհետև, ընտրողը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի հետևում ընտրում է այդ կուսակցության կամ դաշինքի տվյալ տարածքի թեկնածուներից մեկին:
5. Այսինքն, եթե քաղաքացին տվյալ կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ընտրի, ապա մեխանիկորեն քվեարկու՞մ է այդ կուսակցությանը:
Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որևէ մեկին քվեարկելու համար ընտրողը արդեն վերցնում է այդ քաղաքական ուժի քվեաթերթիկը և մեխանիկորեն քվեարկում այդ կուսակցությանը կամ դաշինքին:
6. Ընտրողը կարո՞ղ է քվեարկել որևէ քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրությունից:
Այո: Ամեն դեպքում քվեն կգնա քաղաքացու կողմից ծրարի մեջ դրված քվեաթերթիկի կուսակցությանը կամ դաշինքին:
7.Տարածքային ցուցակի թեկնածուն եթե հաղթել է, ապա դառնում է պատգամավո՞ր:
Պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այդ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի հավաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն հավաքել, բայց իր կուսկցությունը անգամ չհաղթահարի անցողիկ շեմը և չհայտնվի ԱԺ-ում, այնինչ նույն տարածքում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով ավելի քիչ ձայն է հավաքել, կարող է դառնալ պատգամավոր:
Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ թեկնածուի առաջադրած կուսկցությունը քանի ձայն կստանա, ինչպես նաև այն, թե նույն կուսակցության մյուս ռեյտինգային թեկնածուների համեմատ տվյալ թեկնածուն քանի քվե կստանա:
8. Ամեն ինչ բարդ է: Ինչպե՞ս կողմնորոշվել:
Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թե 9 քաղաքական ուժերից ո՞ր մեկին է սատարում, ապա հասկանում, թե իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մեկին կցանկանա ապահովել ցուցակում առավել անցողիկ հորիզոնական:
9. Քանի՞ պատգամավոր է լինելու գալիք խորհրդարանում:
Այ սա միարժեք չէ: Առնվազն 101: Բայց կախված քվեարկության ելքից այդ թիվը կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դեպքերում նախատեսված է կուսակցություններին ու դաշիքններին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամեն դեպքում հստակ է, որ հաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թվի 54-ից 67 տոկոսը:
10. Ի՞նչ անի ընտրողը, ում քվեարկությունը փորձում են վերահսկել: Հնարավո՞ր է անվեհարհսկելի կերպով քվեարկել:
Այո: Այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք հատուկ տեսանյութ, որը հեռարձակվում է նաև հեռուստատեսություններով ու ռադիոյով:
11. Ի՞նչ է փոխվել ընտրակեղծիքների ռիսկերի առումով:
Տեղամասում ընտրակեղծարարությունը էականորեն դժվարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ շատ դժվար է քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն:
Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:
12. Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանվա՞ծ է:
Այո: Բացի բազմաթիվ ազնիվ վստահված անձանցից ու լրագրողներից, մոտ 1700-ից 1800 տեղամասերում լինեու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի», «Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների տեսադաշտից դուրս են մնալու բացառապես շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից ավել վստահելի դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քվեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»