Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպերի երեք փուլերը

Մարտ 18,2017 10:00

Արթուր Սարգսյանի մասին որոշել եմ առայժմ չգրել եւ ասպարեզը թողնել կուսակցական քարոզիչներին եւ ֆեյսբուքյան ոչ ադեկվատ «ստատուսագիրներին»: Ընտրություններից հետո կանդրադառնամ Հաց բերողին եւ այն խնդրին, թե ինչի համար է նա գնացել ինքնազոհության: Կողմ եմ, բնականաբար, որ մեր իրավապահ եւ պատժիչ  համարգում աշխատող սադիստները կանգնեն դատարանի առջեւ:

Ուզում եմ խոսել մեկ այլ «նախընտրական» թեմայի մասին, որն իրականում «հավերժ» է` այսպես կոչված,  միջադեպերին: Դրանց սխեման հետեւյալն է. սկզբից լրատվամիջոցները նյութեր են հրապարակում «գրավիչ» վերնագրերով, օրինակ` «ծեծկռտուք այսինչ գյուղում. իրավիճակը խիստ լարված է»: Այնուհետեւ կուսակցություններն ու նրանց քարոզչամիջոցներն են հանդես գալիս ամպագորգոռ հայտարարություններով` դատապարտում ենք, կպատժենք, ապրիլի 2-ից հետո կտեսնեք ձեր հալը եւ այլն: Բայց կա նաեւ երրորդ փուլը` ենթադրյալ տուժածները կամ նրանց ներկայացուցիչներն ասում են` «մենք արդեն բարիշել ենք», «ոչ մի միջադեպ չի եղել»:

Միանգամայն ողջունելի է մարդկանց հաշտվելու, իրար ներելու պատրաստակամությունը: Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր մշակույթին հատուկ չէ «վենդետայի» գաղափարախոսությունը: (Բազմաթիվ թերություններով հանդերձ մենք ունենք նաեւ նույնքան շատ արժանիքներ, նաեւ` այս մեկը): Բայց Օրենքը չպիտի հաշվի առնի` մարդիկ հաշտվել են, թե չէ, նրա համար գոյություն չունի նախընտրական վիճակ, նրա համար միեւնույն պետք է լինի` ՀՀԿ ես, թե ԲՀԿ: Օրենքին չպիտի հուզի` դուք խնամիներ եք, քավոր-սանիկ եք, թե «դուշմաններ»: Օրենքը գործ ունի քաղաքացիների հետ, որոնք կատարել են կամ չեն կատարել այս կամ այն արարքը: Եվ որոշակի արարքների համար կան համապատասխան հոդվածներ:

Մարդուն զենքի սպառնալիքի տակ «չոքացնելը» հոդված է, լոմով ձեռք ջարդելը հոդված է, ինքնաձիգից ոտքին կրակելը նույնպես հոդված է: Եթե, իհարկե, նման բան տեղի է ունեցել: Եթե չի եղել, ապա այն բոլոր մարդիկ, որոնք նման պատմություններ են արել` սուտ մատնություններ են ներկայացրել, ինչը նույնպես հոդված է:

Շատ կուզեի, որ թե քաղաքական գործիչները, թե մեկնաբանները եւ թե շարքային քաղաքացիներն այս կամ այն խնդրի շուրջ դատողություններ անելիս մտքում ունենային ոչ թե «խաշային» կամ «ջիգյարային» կատեգորիաները, այլ այն հանգամանքը, որ իրենք ապրում են պետությունում, որի քաղաքացիներն ազատ են անել ամեն ինչ, բացի այն արարքներից, որոնք արգելված են օրենքով:

«Նախընտրական միջադեպերի» մասնակիցները կարող են «տաքանալ», իսկ մի քանի օրից` «սառել»: Դա նորմալ է, մարդկային է: Բայց, միեւնույն է, այդ միջադեպերը պետք է քննվեն, իսկ նրանք, ովքեր իրենց գյուղերում կամ թաղերում իրենց «ցարիբոգ» են զգում, դատվեն ու ազատազրկվեն: Թե չէ կուսակցությնները դրանց շուրջ մի երկու օր PR են անում, իսկ հետո մոռանում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ընդհանուր առմամբ համամիտ եմ հոդվածում թեթևակի շաշափված մտքերին, սակայն մի բան ակնհայտորեն թերի է: Երբ ասվում է, թե՝ ՛՛Բայց, միեւնույն(ն) է, այդ միջադեպերը պետք է քննվեն,…՛՛, ապա հայտնի չէ, թե հատկապես երբ:
    Հիշեցնեմ. այս վերջին սահմանադրական հանրաքվերից մի տաս օր առաջ ՀԱԿ-ը տեսաձայնագրություն ներկայացրեց ընտրակաշառքի վերաբերյալ, սակայն ՛՛իրավապահները՛՛ հարկ համարեցին ՀՀԿ-ի ներկայացուցչին ձերբակալել միայն քվեարկության հաջորդ օրը, թերևս որպեսզի ընտրազեղծարարները իրեն կաշկանդված չզգան, նույն Լեռնիկ Երանոսյանին սարի թաղի վայրագությունների գործով. բավականին ուշացումով՝ այն էլ հանրության ճնշման տակ ընդամենը գործունեությունը ժամանակավորապես կասեցրին, ոստիկանների կողմից Էլեկտրիկ Երևանի բռնարարքների ու վնասարարությունների գործերը դեռ նոր են քննում, այն էլ՝ նույն՝ հանցակազմի բացակայության ոգով, իսկ կարիք կա՞ խոսել մարտի 1-ի դեպքերի քննության մասին, երբ ՛՛իրավապահ՛՛ կոչվածները շարունակ կոծկում են ու դրա դիմաց ուսադիրներին աստղեր ստանում, դե իսկ քաղաքական ղեկավարություն կոչվածն էլ շարունակ էջը փակում է ու փակում…
    Սա է այն դառը իրականությունը, որը ՀՀԿ-ն փորձում է քողարկել իր ՛՛Արտագաղթի՛ր, եթե ուզում ես հաջողակ լինել՛՛ գովազդային հոլովակով…

    • Մարգար Մախսուդյան says:

      Ասես անդրադառնալով սույն հոդվածին Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր այսօրվա էջում գրառում է կատարել.
      == Քանի՞ կոպեկ արժի դատախազության ՀՔԾ և մյուսների քննությունը Արթուր Սարգսյանի մահվան մասին…
      2 տարի առաջ Գյումրիում բոլորևի աչքի առաջ դանակահարվեց Հրաչիկ Միրզոյանը Hrachik Mirzoyan. դանակահարողին տարան ոստիկանություն, հետո էլ բաղ թողին, ու մինչև հիմա քննություն է կատարվում…
      Հիշենք Haykak Arsamyan, Սուրեն Սաղաթելյան, Suren Sahakyan, Vahagn Minasyan, Gevorg Safaryan, Հարություն Աղլամազյան, Սուզան Գևորգյան … ու… դուք շարունակեք.դեռ քննություն է կատարվում… Դեռքննություն է կատարվում Սարի թաղի հետ կապված, Էլեկտրիկ Երևանի … Մարտի 1- հետ կապված դեռ քննություն կատարվում…
      Պարոնայք տարեք էդ լապշեքը կախեք ձե հոր ականջներին: Էդ հայտարարությունն էլ մենք ընդունում ենք վկայություն ձեր ցինիզմի և մեր անճարակության:==

    • Մարգար Մախսուդյան says:

      Ցենզուրան ի՞նչ ասաց, որ չեք տպագրում լրացումս…

  2. araqel says:

    Բայց մինչ սա, ես չեմ կարողանում հասկանամ,- “Սասնա Ծռեր” ինքնակոչված խմբավորման անդամները տեռրիստ ու մարդասպա՞ն են, թե ազգի հերոս ու ազատագրիչ:
    Մնացած ամեն ինչ բխում է այս հարցից , թե այդ մարդուն պետք էև բանտարկել որպես տեռորիստներին աջակցող՞ թե իրա արձանն է պետք կանգնեցնել Լենինի արձանի տեղը, որես հայ ազգի ամեն-ամենա-ամենա հերոս:
    Իմիչայլոց, էսպես ասած ցիվիլ երկրներում, ոչ միայն “Սասնա Ծռեր”-ին այլ նաև էս մարդուն տեղում կգնդակահարեին, առանց երկար բարակ դատ-դատաստանի:

    Կարող է և խաբված մարդ էր: Կարող է և տեռորիստական խմբի անդամ էր:
    Բայց ցանկացած դեպքում, ինքն է ընտրել իր ճանապարհը ու դրա համար ինքը պետք է/էր պատասխան տա պետության ու ժողովրդի առաջ: Հիմա իրան “հերոսացնող” ու Եռաբլուրում թաղելու համար պետությանը շանտաժ անող մարդիկ չեն հասկանու՞մ, որ իրանք թքեւմ են մեր իսկական հերոսների գերեզմանին: Դրա դեմը պետք է իսկապես առնել:

  3. Մ.Գրիգորյան says:

    Պարոն araqel. Չգիտեմ, ինչ նկատի ունեք, երբ ասում եք «իսկական ցիվիլ երկիր», բայց ցանկացած երկրում,ուր գերակա է օրենքը, մարդուն առանց դատ ու դատաստանի չեն գնդակահարում: Դատարանը չի ապացուցել ոչ «Սասնա ծռերի», ոչ Արթուր Սարգսյանի տեռորիտ լինելը: Եվ հետո, ո՞րտեղ եք տեսել, որ ժողովուրդը այդպես սիրի իր «տեռորիստներին»:

    • Հ.Շ. says:

      բազմաթիւ երկիրներում, եթէ այդպիսի դէպքերի ընթացքում մի անձ մեքենայով ջանայ ճեղքել ոստիկանական պաշարումը, շատ հաւանական է որ ան ողջ չի հասնիր իր նպատակին

      իսկ սա «ժողովուրդը» ո՞վ ա եղեր…

      վերջին ամիսներին, այդ անմիտ ու արիւնահեղ արարքի հեղինակները տակաւին փառաբանող՝ առաւելագոյնը մի քանի հարիւր ցուցարարներ տեսանք, այդ ալ միմիայն Երեւանում

      Սփիւռքում, յիսուն անձ իսկ չես գտներ որ հերոսացնեն այդ հանցագործները

      հայ ժողովուրդի մասսական մեծամասնութիւնը մնում է լուռ, ու այդ լռութիւնը աւելի խօսուն է, քան թէ անհեթեթ մարդասպանութեան ջատագովութիւնը կատարող ափ մը անձերի աղմուկը

      մնացեալը երեւակայութիւն է, խանդավառ ցնորք, իրականութիւնից անջատուած – եւ արդէն հիմնականօրէն միայն Համացանցում ապրող – անձերի յուզումնական աշխարհում

      հայ ընտանիքի հայրեր սպանուեցան այդ դէպքերի ընթացքում, գոնէ մի քիչ փափկանկատութիւնը լաւ կը լինի անոնց մայրերի, այրիների եւ որբերի, սգաւոր հարազատների նկատմամբ

      ասում են ժողովուրդը արժանի է իր ղեկավարներին,
      երեւի նաեւ, հատուածի մը պարագային ՝ իր հնարած հերոսներին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031