«Ես գործող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր չեմ առաջադրվել, սակայն քաղաքականությունից չեմ հեռացել: Մնացել եմ Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում եւ ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում: Այն բոլոր խոստումները, որ տվել էր ՀՀ կառավարությունը, իմ տարածաշրջանում իրականացվել են: Կառուցապատվել է քաղաքի հրապարակը, վերանորոգվել է արվեստի դպրոցը եւ հիմնովին կառուցվել է Գավառի թատրոնի շենքը: Տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացվել գյուղական համայնքներում: Սակայն անելիքներ դեռ շատ կան:
Պատգամավորական մանդատը, որին ձգտում եմ, ինքնանպատակ չէ, ունեմ բազմաթիվ ծրագրեր, որոնք պատրաստվում եմ կյանքի կոչել: Ինը տարվա պատգամավորական փորձը եւ իմ հնարավորությունները կօգնեն ինձ հասնել իմ նպատակին: Մտահոգված իմ հայրենիքի ապագայով եւ իմ տարածաշրջանի խնդիրներով՝ ուզում եմ դառնալ պատգամավոր եւ իմ հզոր կուսակցության հետ միասին ավարտել կիսատ թողած գործերը»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ ութ ընտրական տարածքում (Գեղարքունիքի մարզ) ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը:
Կարդացեք նաև
«Առավոտ»
17,03.2017