Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կուսակցությունն է առաջադրել»

Մարտ 18,2017 17:00

Հարցազրույց ՀՀԿ վարկանիշային ցուցակով
պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանի հետ

– Դուք պատգամավոր եք եղել 2003-2012թթ. ընթացքում: Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ քաղաքականություն: Ո՞րն է ամենամեծ խնդիրը, որ պիտի լուծվի օր առաջ:

– Ամենամեծ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է: 1997 թվականից ու մինչ օրս Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծել եմ 500-ից ավելի աշխատատեղեր: Իմ առաջ խնդիր եմ դրել աշխատատեղեր ստեղծել նաեւ իմ հայրենի օրրանում՝ Գեղարքունիքի մարզում: Արտաշատում գործող սպիրտի վերամշակման գործարանը մտադիր եմ տեղափոխել Գավառ, օգտագործել տեղական հումքը՝ ցորենը վերամշակել եւ արտադրել օղի, որը կսպառվի եւ մեր երկրում, եւ արտերկրում: Գավառի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն կա հողեր տրամադրել գյուղացիներին, զարգացնել ցորենի արտադրությունը: Այդ նպատակով պատրաստ եմ նաեւ 25-30 տոկոս կանխավճար տրամադրել սերմացու ձեռք բերելու համար: Հետագայում մտադիր եմ ընդլայնել արտադրությունը, օգտագործելով տեղական հումքը՝ չիչխան, մասուր, ուրց, արտադրել բարձրորակ հյութեր: Այս նպատակով մանկավարժների հետ հանդիպման ժամանակ առաջարկել եմ օգտագործել աշակերտների ուժերը, ամառային արձակուրդների ժամանակ նրանք նույնպես կարող են հավաքել բնության այդ պարգեւները եւ վարձատրվել դրա դիմաց: Իսկ սպառման շուկան ես կարող եմ ապահովել մոտ 22 երկրներում: Ես համոզված եմ, որ մեզ այս գործում կաջակցի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, որը հովանավորում եւ զարկ է տալիս արդյունավետ բիզնես-ծրագրերին:

– Ասացիք, որ ՀՀԿ-ն շատ գործեր է արել, բայց մարդիկ հասցրել են հիասթափվել, քանի որ ՀՀԿ-ն ավելի շատ խոստումներ է տվել, քան գործ արել: Ինչպե՞ս կբացատրեք դա:

– Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա: Լինելով պատերազմող երկիր, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստիպված ենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնել երկրի պաշտպանության համար: Հեշտ չէ այս պայմաններում զարգացնել տնտեսությունը, զրկված երկաթուղիներից, ծովային ճանապարհներից՝ տասնապատիկ ավելանում են տրանսպորտային ծախսերը: Եթե մեր մուսուլման հարեւանները չփակեին մեր սահմանը, նույնիսկ Եվրոպայից էժան գնով կարող էինք ապրանքներ ներկրել Հայաստան: Այս տեսակետից շատ խորիմաստ է ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:

– Արդյոք տեսնո՞ւմ եք պատերազմի վտանգ:

– Քանի դեռ կա զինադադար եւ չկա պայմանագիր, այդ վտանգը միշտ առկա է: Հզորացնելով բանակը, վերազինելով այն՝ մենք կանխում ենք պատերազմի վտանգը:

– Դուք դրվատանքով խոսեցիք ՀՀԿ-ի կատարած աշխատանքների մասին, բայց իրականում ժողովրդի վիճակը ծանր է:

– Ես բացատրեցի դրա հիմնական պատճառը: Այսօր ճգնաժամից ցնցված են աշխարհի գերտերությունները՝ իրենց հսկայական ռեսուրսներով: Եվ վերջապես՝ ոչ մի երկրում ժողովուրդը գոհ չէ կառավարող իշխանություններից: Նամանավանդ ճգնաժամի պայմաններում: Նույնիսկ ՌԴ-ի նման հզոր երկրի ծայրամասերում մեծ դժվարությամբ են մարդիկ իրենց հացը վաստակում:

– Կարծիք կա, որ Հայաստանի տնտեսությունն անկում ապրեց, որովհետեւ ԵԱՏՄ-ին անդամակցեցինք, մինչդեռ ԵՄ-ի հետ մեր ապագան կապելով` ավելի արագ կզարգանայինք:

– Մի՞թե պատմության դասերը բավարար չեն մեզ՝ հասկանալու, որ Եվրոպան մեզ համար ամենաճակատագրական պահերին թիկունք է դարձրել: Ես գտնում եմ, որ ընդհակառակը՝ պետք է ավելի ամրապնդել կապերը մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանի հետ: Հասնել այն բանին, որ ավելի մեծանան Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալները: Մենք էլ մեր հերթին մեր արտադրանքը պետք է արտահանենք ռուսական շուկա:

– Մամուլում հրապարակումներ եղան, որ նախագահն անձամբ է համոզել, որ վերադառնաք քաղաքականություն, այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի դիրքերը ամուր չէին: Նաեւ ասվում է, որ նախագահը խոստացել է կարգավորել սնանկացման եզրին գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» հարցերը:

– Ես այդ մասին մամուլում եմ կարդացել: Հավաստիացնում եմ, որ նախագահն ինձ համոզելով չի բերել: Իմ հարազատ կուսակցությունն է առաջարկել, եւ ես ուրախությամբ ընդունել եմ առաջարկը՝ հպարտ այդ վստահության համար: Խնդրանքս ձեզ, հարգելի լրագրողներ, տպագրել միայն ճշտված տեղեկություններ: Ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող հաշտվել սուտ լրատվության հետ:

– Այն ընտրատարածքում, որտեղ Դուք եք առաջադրվել, լարված պայքար է սպասվում ՀՀԿ-ականների միջեւ: Ձեր մրցակիցները Ձեր կուսակիցնե՞րն են:

– Մեր մարզում նախընտրական աշխատանքները շատ ճկուն ձեւով համակարգում է մարզպետը: Շատ հաճախ մենք հանդիպում ենք, ոչ մի լարվածություն չկա, եւ հույս ունեմ, որ չի էլ լինելու, իսկ ով փորձի լարվածություն ստեղծել, կստանա իր համարժեք պատիժը:

– Հայաստանում բիզնես ունեք, դրսում՝ եւս. Տիգրան Արզաքանցյանը շատ զբաղված մարդ է, ինչպե՞ս եք հասցնելու օրենսդիր աշխատանքով զբաղվել:

– Ես ունեմ հզոր թիմ եւ որակյալ մասնագետներ: Այն ղեկավարում է իմ որդին, որը վերջերս է գերազանցությամբ ավարտել Օքսֆորդի համալսարանը: Իմ բիզնեսները կղեկավարի Նոյ Արզաքանցյանը, ես էլ իմ խորհուրդներով կօգնեմ նրան:

– Դուք նաեւ բարեգործական ծրագրեր եք իրականացնում:

– Շուրջ 15 տարի գործում է իմ բարեգործական «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը: Այն գործել է իմ պատգամավորության տարիներին եւ նույնիսկ այն ժամանակ, երբ ես պատգամավոր չէի: Եվ իր գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Դա ապաքաղաքական գործունեություն է, իմ անձնական նախաձեռնությունն ու ցանկությունը: Ես բարեգործություն անելուց մեծ հաճույք եմ ստանում: Հիմնադրամը ղեկավարում է մայրս՝ մշտապես խորհրդակցելով ինձ հետ: Օգնում ենք ուսումնական հաստատություններին, բազմազավակ ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին, իրականացնում մշակութային միջոցառումներ: Շուտով կգործի «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ մեր կողմից 15 տարվա ընթացքում կատարված եւ կատարվելիք աշխատանքներին:

– Ո՞րն է ամենակարեւոր ծրագիրը, որն իրականացրել է հիմնադրամը:

– Բոլորն էլ ինձ համար շատ կարեւոր են, սակայն ես առանձնապես հաճույք եմ ստանում Գիտելիքի օրվան ընդառաջ` յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին Գավառի եւ հարակից 17 համայնքների առաջին դասարանցիներին «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրել պայուսակներ եւ գրենական պիտույքներ: Ակցիան իրականացնում է մայրս, շատ հաճախ ես մեծ հաճույքով ուղեկցում եմ նրան:
Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ 2014 թվականին որդիս` Նոյը, սեփական միջոցներով վերանորոգեց եւ կահավորեց Գավառի հատուկ դպրոցի դասասենյակներից մեկը` երեխաների առօրյան ավելի պայծառ ու արդյունավետ դարձնելով:
Ես շատ կարեւորում եմ նաեւ հիմնադրամի կողմից 2008 թվականին հայոց բանակին ուղղված ծրագիրը, որի շրջանակներում 15 միլիոն դոլար փոխանցվեց բանակի կարիքները հոգալու համար: Բանակն է մեր պետության եւ պետականության երաշխավորը: Դա եւս մեկ անգամ ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Ունենալով հզոր բանակ եւ զարգացած տնտեսություն՝ մենք կստիպենք ամբողջ աշխարհին հաշվի նստել մեզ հետ:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031