Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում որոշ բաներ համընկնում են կառավարության ծրագրին, ինչը` բնական է, որովհետեւ կառավարությունն էլ է Հանրապետականը ձեւավորել»

Մարտ 18,2017 16:00

Տնտեսագետ, ՀՀԿ խորհրդի անդամ
Դավիթ Սարգսյանը պատասխանում է «Առավոտ»-ի հարցերին

-Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում թվային ցուցանիշներ չկան` անկախ այն բանից, որ հանրապետականները կրկին իշխանության անցնելու դեպքում խոստանում են գործարար միջավայրը բարելավել, զբոսաշրջիկների թիվն ավելացնել, գյուղերն ու ենթակառուցվածքները զարգացնել, արտահանումն ու ներդրումները խթանել:

-Այս տարվա նախընտրական ծրագրի կարեւոր մասերից մեկն այն է, որ մենք կենտրոնացել ենք նրա վրա, թե ինչ ենք անելու եւ, երբ որ նման հարցադրում են անում` ինչո՞ւ թիվ չկա կամ` կա, ես որքան հասկանում եմ, այդ հարցադրումն անում են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ծրագրերում այնպիսի թվեր են դրել, որ անգամ մեկնաբանելու կարիք էլ չկա: Այսինքն` եթե խոսքը գնում է նրա մասին, որ գեղեցիկ, պուպուշ թվեր գրենք, իհարկե, կարող ենք, բայց Հանրապետականի տարբերությունն այլ քաղաքական ուժերից նրանում է, որ մենք պետք է լինենք իրատես եւ պրագմատիկ կերպով ներկայացնենք, թե մենք առաջիկա ժամանակահատվածում ինչ անելիքներ ունենք: Իսկ անելիքը շատ առարկայական է. եթե գլոբալ առումով նայենք, ապա կտեսնենք, որ ե’ւ տարածաշրջանում ե’ւ ընդհանրապես աշխարհում կա շատ սուր տնտեսական մրցակցություն, եւ այդ սուր տնտեսական մրցակցությունում մենք, մրցակցային առումով, պետք է լինենք ավելի լավ դիրքերում: Այս տեսանկյունից սա շատ ավելի կարեւոր է, քան մնացած բոլոր գեղեցիկ թվերը, որոնք որ մենք կարող ենք գրել:

-Միգուցե ՀՀԿ-ի նախորդ նախընտրական ծրագրերից չիրականացած խոստումնե՞ր կան, որոնք ընտրվելուց հետո դրվել են կուսակցության առաջ` որպես չկատարված խոստումներ ու չապահոված ցուցանիշներ, եւ հիմա Հանրապետականը խուսափե՞լ է թվեր ներկայացնելուց:

-Նման բան չկա: Եթե մենք վերցնենք նախորդ ծրագրի թվերը կամ խոստումները, շատ բաներ կան, որոնք մեծ մասամբ կատարվել են, կան բաներ, որոնք որ իհարկե, չեն կատարվել` կամ հաջողության չենք հասել, կամ` ամբողջապես չենք կարողացել, որոնք ե՛ւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով են պայմանավորված: Եվ թվեր, այնուամենայնիվ կան:

Մեզ ասում են` դուք խոստանում եք 3 % տնտեսական աճ, իսկ ուրիշները` 6%: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրինակ` մեր միջնաժամկետ կտրվածքով, թիրախային տնտեսական աճը դա 6 տոկոսն է: Այսինքն` Հանրապետականը ոչ խուսափելու անհրաժեշտություն ունի ոչ էլ` ցանկություն:

– Ի դեպ, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի որոշ կետեր կարծես թե կրկնությունն են նոր կառավարության` 100 օրվա գործունեության առիթով հրապարակված զեկույցի, մինչդեռ որոշ տնտեսագետներ պնդում են, որ հակառակը պետք է լինի` կառավարության ծրագիրը պետք է բխի նախընտրական ծրագրից:

-Չեմ կարծում: Իհարկե, որոշ բաներ համընկնում են կամ կարող են համընկնել, ինչը շատ բնական է, որովհետեւ կառավարությունն էլ է ձեւավորել Հանրապետականը` մեր գործընկերների հետ միասին եւ մանավանդ, որ դա մի քանի ամիս առաջ էր պատրաստվել, բայց լիակատար համընկնում չկա, ինչպես որ նշում են:

-Պարոն Սարգսյան, տնտեսական վերլուծաբանները պնդում են, որ մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում, ուռճացված են ներկայացվում, եւ քանի որ մակրոտնտեսական ցուցանիշները դժվար է ստուգել, այդ բնագավառում հեշտ է թվերը նկարել:

– Նախեւառաջ նշեմ, որ անցյալ տարի գյուղատնտեսությունն աճել է 5, 2 տոկոսով, ինչը չեմ կարծում, որ խոսք կա այն մասին, որ նկարած է, կամ նկարած չի: Դա ադեկվատ նորմալ աճ է, մանավանդ, եթե մենք նաեւ հիշենք, որ անցյալ տարի բավական լավ բերքի տարի էր եւ բոլորը դա տեսել են եւ բավական մեծ ծավալով գյուղատնտեսական ապրանքների արտահանում եղավ հատկապես դեպի Ռուսաստան եւ նաեւ Ծոցի երկրներ: Բացի այդ բոլորն են տեսնում, որ հիմնադրվում են ժամանակակից ջերմոցներ, այգիներ, այսինքն` այս գործընթացները կան, եւ դրանց ներքո ասել, որ 5 տոկոսը խեղաթյուրված ցուցանիշ է, ճիշտ չէ: Մեր վիճակագրական ծառայությունը, իրականում, որոշակի ստանդարտներ է պարտավոր պահել եւ յուրաքանչյուր տարի ե’ւ ՄԱԿ-ի վիճակագրական ծառայության կողմից ե’ւ շատ ու շատ այլ միջազգային կառույցների կողմից մոնիտորինգի է ենթարկվում, այնպես որ այնտեղ կա բավարար մեթոդաբանություն եւ բավարար գիտելիքներ, որպեսզի այդ ստանդարտները պահպանվեն:

Ուզում եմ նշել, որ ամենակարեւոր ձեռքբերումը, որը կարողացել ենք ունենալ այս երկու-երեք տարում, որը չափազանց կարեւոր է 2017, 2018 եւ 2019 թվականների համար, դա մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունն է: Մեր ընդդիմադիրների մեջ սա միանգամից դժգոհություն է արթնացնում, ասում են` կայունությունը վատ բան է, այսինքն` ես չեմ հասկանում, պետք է լինի խայտառակ անկում կամ չգիտեմ ինչ, որ ասենք` դա լավ բան է: Կայունությունը լավ բան է ցանկացած պարագայում: Մենք ստեղծել ենք ֆունդամենտ 2016 թվականին, որով որ մտել ենք 2017-2018 թվականը եւ այդ հենքը մակրոտնտեսական եւ ամենակարեւորը` ֆինանսական կայունությունն է: Մենք բյուջետային մասով այնպիսի խնդիրներ ինչպես եղել են մեր հարեւան երկրներում` աշխատավարձերի, թոշակների վճարումների ուշացումներ եւ այլն չենք ունեցել:
2017 թվականին մենք պետք է արդեն վերջնականապես հետ գանք աճի սցենարում եւ 2018-2019 թվականին` վերադառնանաք 6 % միջին ժամկետ տնտեսական աճի սցենարին: Ամենակարեւոր բանը, որ տեղի է ունեցել, այն է, որ առաջին անգամ 2016 թվականին մեզ մոտ կտրուկ բարելավվել է մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը: Հայաստանը 20 տարիներին մշտապես ունեցել է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռ, այսինքն` մենք ավելի քիչ ապրանք ենք արտահանել, քան` ներմուծել եւ այդ տարբերությունը եղել է խայտառակ մեծ: Այն հասել է մեր երկրի ՀՆԱ-ի մինչեւ 30 %-ը, ինչը բավական մեծ ցուցանիշ է, այսինքն 3-3,5 միլիարդ դոլար մենք ավելի քիչ ենք արտահանել, քան` ներմուծել ենք եւ բնական է, որ դա միեւնույն ժամանակ անհամաչափություն է առաջացրել: 2016-ին այս խնդիրները սկսեցին հարթվել եւ մենք, մեր պատմության մեջ, առաջին անգամ ունեցանք բացասական առեւտրի հաշվեկշռի ամենացածր դեֆիցիտը` ընդամենը ՀՆԱ-ի 14 տոկոս: Այսինքն` մենք երկու անգամ բարելավել ենք մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը, ինչը չափազանց կարեւոր է, ինչու, որովհետեւ տարածաշրջանում վերջին երկու տարիներին կտրուկ արժեզրկվել է արտարժույթը. Ռուսաստանում արտարժույթն արժեզրկվել է 110-115 տոկոսով, Ադրբեջանում` 105 տոկոս, Վրաստանում` մոտ 40 %, այն դեպքում, երբ մեզ մոտ այդ արժեզրկումը եղել է ընդամենը 17 տոկոս: Թվում է, որ պետք է ասենք, որ մենք մեր արտաքին պահուստներն ենք կերել եւ այլն, բայց նման բան չկա, Կենտրոնական բանկի պահուստները բավական բարձր են եւ նման բան գյություն չունի, որ մենք մսխել ենք մեր ռեզերվները:

Սա իրականում մի գործոնով է պայմանավորված, մեր արտահանումը կտրուկ ավելացել է, ներմուծումը` նվազել եւ բարելավել է արտաքին առեւտրի հաշվեկշիռը, եվ դրանք վերացրել կամ նվազեցրել են հետագա արժեզրկման ռիսկերը, իսկ սա նշանակում է կայունություն, եւ կարծում եմ, որ այսպիսի կայունությունը չափազանց դրական է:

-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն ասաց, որ մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է:

-Մեր տնտեսությունում, իհարկե, կան կառուցվածքային անհամաչափություններ եւ բնական է, որ նման խնդիրներ կան, այսինքն, եթե մենք ուզում ենք լինել այս տարածաշրջանում, ապա ընդհանրապես այլ տիպի տնտեսական կառուցվածք պիտի ունենանք, եւ դա այն է, ինչ դրված է Հանրապետականի նախընտրական ծրագրում, այսինքն` գյուղատնտեսությունում, զբոսաշրջությունում, արդյունաբերությունում ընդհանարապես այլ մոտեցումներ եւ այլ կառուցվածքներ պետք է ունենանք եւ այս տեսանկյունից դրա ամենակարեւոր ու անհրաժեշտ մասը մենք արդեն ապահովել ենք, այն է մակրո եւ ֆինանսական կայունությունը:

-Քաղաքական մյուս ուժերն իրենց նախընտրակյան ծրագրերում խոստանում են վարկային տոկոսադրույքները կտրուկ իջեցնել գյուղացուն 4-5 %-ով վարկ տրամադրել, փոքր ու միջին բիզնեսն ընդհանարապես հարկերից ազատել: Որքանո՞վ են իրատեսական այդ խոստումները: Եվ ինչո՞ւ մեր երկրում վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ եւ այնքան չեն նվազում, որպեսզի ավելի շատ մարդիկ բիզնեսի, տան եւ այլ կարիքների համար կարողանան էժան վարկեր ձեռք բերել:

-Երբ մեզ ասում են որ վարկերի տոկոսները բարձր են եւ պետք է նվազեցնել, ապա պետք է այդ թեմայից խոսելիս սկսել նրանից, որ մեզ մոտ ի տարբերություն շատ ու շատ այլ ոլորտների, բանկային համակարգում ոչ միայն մենաշնորհ չկա, չկա նաեւ օլիգոպոլիա եւ որեւէ պոլյա չկա:

Բանկային համակարգում մրցակցություն է: Կա 17 առեւտրային բանկ, որոնք կատաղի մրցակցային պայքարի մեջ են եւ եթե մենք սկսում ենք ասել, որ պետք է տոկոսները նվազեցնել եւ սկսում ենք կասկածներ հայտնել, որ դրանք արհեստականորեն բարձր են, պետք է հիշել, որ այս շուկայում կա 17 խաղացող: Արդեն երեք խաղացողն էլ բավարար է, որ մրցակցությունն ապահոված լինի: Եթե դուք նայեք բանկերի շահութաբերությունն, ապա կտեսնեք, որ այն 3 տոկոս է: Նման ցածր շահութաբերությունը վկայում է այն մասին, որ մրցակցությունն այնքան է, որ այնտեղ գնում է իրական պայքար շուկաների համար: Սա ամենակարեւոր բանն է, որ պետք է արձանագրել եւ նոր միայն անցնել մնացած գործոններին:

Ցանկացած նման որոշման հետեւում պետք է լինի որեւէ տնտեսական իմաստ, դա առաջին հերթին: Երկրորդ` եթե վերցնենք նույն գյուղատնտեսության վարկավորումը, ընդամենը 3 տարի առաջ 13-14 % էր, այսօր արդեն, երբ կառավարությունն իրականացնում է սուբսիդավորումը այն արդեն 8 % է: Ընդամենը 3 տարի առաջ ասում էինք` 12 % է բարձր, հիմի ասում ենք` 8-ն էլ է բարձր: Այսինքն` այս դաշտը, թե ով ավելի քիչ տոկոսադրույք կդնի, վերադարձնում է մեզ մեր խոսակցության սկզբին, գեղեցիկ, պուպուշ թիվ բոլորս կարող ենք գրել:

Ընդհանրապես տոկոսադրույքներն արտացոլում են ռիսկի աստիճանը: Եվ տոկոսադրույքները ձեւավորվում են այն բանի վրա, թե այդ գումարներն ինչ տոկոսով են ներգրավել: Մեր երկրում կա 100-120 հազար ժամկետային ավանդ ունեցող ավանդատու, որոնք այդ գումարները ներդրել են բանկում, բնական է, որ դրա դիմաց ակնկալում են տոկոսներ: Այսօրվա տոկոսները մեր երկրում դոլարով 6 % է, դրամով` 9-10 % են: Այսինքն` եթե բանկը ներգրավում է 6 տոկոս դոլարով կամ 9 տոկոս դրամով, ինքն ի՞նչ տոկոսով պետք է տա: Խնդիրը նրանում է, ինչպիսին է տարբերությունը ներգրավման եւ վարկավորման միջեւ: Եթե ներգրավել ենք 9 %-ով վարկավորել ենք 20 տոկոսով, ապա ձեր հարցադրումը գուցե եւ ճիշտ լիներ: Այսօր վիճակագրությամբ ներգրավման եւ վարկավորման տարբերությունը 5 տոկոսային կետ է: Եթե մենք ուզում ենք, որպեսզի ընդհանուր երկարաժամկետում ավանդների տոկոսները նվազեն, կա երկու նախապայման` առաջնայինը ռիսկերի նվազումն է. հավանականությունը, որ մարդը կամ բիզնեսը կվերադարձնի վարկը կլինի ավելի բարձր ոչ թե ավելի ցածր: Եւ երկրորդ` որպեսզի ներգրավող տոկոսադրույքները նույնպես լինեն այդպիսին:

-Պարոն Սարգսյան, երբ ներդրվում էր պարտադիր կենսաթոշակային համակարգը, կառավարության պատասխանատուների պատճառաբանություններից մեկը էժան եւ երկար փողեր ունենալն էր: Համակարգն արդեն քանի տարի է գործում է, այդ հատվածից գումարներ ուղղվե՞լ են տնտեսություն:

– Դա, իրականում, չափազանց կարեւոր բարեփոխում էր եւ ինքն իր արդյունքներն արդեն տալիս է եւ տալու է, իհարկե, ամեն մեկս դա առարկայական, շոշափելի կերպով տեսնելու ենք ոչ այսօր, ոչ էլ` վաղը, բայց դա արդեն իր արդյունքը տալիս է: Այս պահին, համակարգի մասնակիցներ են 170 հազար մարդ, այսինքն` 170 հազար հոգի այսօր կուտակում է իր կենսաթոշակը, ընդ որում նրանցից ընդամենը շուրջ 70 հազարն են պետական ծառայողներ: Մնացածը մասնավոր հատվածից է կուտակվում: Արդեն կուտակվել է ավելի քան 60 միլիարդ դրամ գումար, որի շուրջ 80 %-ից ավելին` գրեթե 85 %-ը ներդրված է Հայաստանի տնտեսությունում: Կարճ ժամանակ հետո դա լինելու շատ ավելի մեծ տեսակարար կշռով: Երկրորդ` այդ գումարները, որ ներդրվել են, միջինում տարեկան 12 % եկամտաբերություն են բերել: Այսինքն` ապագա թոշակառուների համար դրանք ոչ միայն բավարար, այլ շատ լավ եկամտաբերություն են այսօր արդեն ապահովում, տնտեսության համար այդ գումարն աշխատում է եւ դրա արդյունքում էլ է, որ այսօր ունենք շատ դանդաղ, բայց տոկոսադրույքների նվազում եւ վարկի տրամադրման ժամկետի երկարաձգում:

Եթե մենք նայում ենք 2010-ի եւ 2017-ի միջեւ դրամով վարկերի եւ դրամով ավանդների տարբերությունը, ապա կտեսնենք, որ 11,2 տոկոսից 5,5 է իջել, ու նույնը դոլարով: Եղել է 13,14, 15 %, հիմա` 8-10 % է: Այդ տարբերությունը ռիսկայնությունն է: 2016-ին այդ տարբերությունն ավելի շատ է նվազել:

 

Հարցազրույցը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031