Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 15-օրյակի համատեքստում իրականացվող միջոցառումները:
«Դա ավանդական տոն է ողջ աշխարհում, նաեւ Հայաստանում, այս տոնը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային, այլեւ բոլոր ֆրանկոֆոն գործընկերներին»,-նշեց մեր զրուցակիցը: Պարոն Բորտոլանը հավելեց, որ Ֆրանսիայի դեսպանության հետ միասին 5 դիվանագիտական կազմակերպություն (Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա եւ Լիբանան)` միացել են նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը.
«Օրինակ, Մոսկվայում Կանադայի դեսպանության հետ համատեղ կանցկացվի Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը՝ մարտի 20-26-ը, որի ընթացքում կցուցադրվեն բազմաժանր ֆիլմեր: Լիտվայի դեսպանատունն արդեն կազմակերպել է ցուցահանդես, իսկ Հունաստանի դեսպանությունը մրցանակներ ունի հանձնելու՝ «Ասա ինձ 10 բառ մրցույթին»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ տոնի այս տարվա ուղերձին: Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդականը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նպատակը Ֆրանկոֆոնիան խթանելն է, բայց նաեւ լեզվական եւ մշակութային բազմազանությունը ներկայացնելը: Ի հավելումն ասվածի, նա փաստեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը համախմբում է 84 երկրների, որոնք տարբեր մշակույթներ ունեն, ու ընդհանուր առմամբ 274 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն: «Երկու տարի առաջ ֆրանկոֆոնիայի թեման լեռներն էին, ապա քաղաքը, այս տարի որոշեցինք մեր ուղերձը կառուցել թվային եւ նոր տեխնոլոգիաների թեմայի շուրջ:
Կարդացեք նաև
Շատ արդիական թեմա է Հայաստանում, մենք եւս նպատակ ունենք ցույց տալու, որ Ֆրանսիան այս թեմաների շուրջ հակված է Հայաստանի հետ գործակցելու, Ֆրանսիան հին երկիր է, բայց նաեւ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Մեր հիմնական միջոցառումներից մեկը «Ձեռնարկության եւ անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովն է, որ կազմակերպում է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Մյուս կարեւոր միջոցառումը, որ դարձյալ այս թեմային է վերաբերում, «Թվային գրքի տարածման հեռանկարները Հայաստանում եւ Ֆրանսիայում» թեմայով կլոր սեղանն է, որը կհամախմբի հրատարակիչների, համալսարանի դասախոսների:
Հաջորդ առանձնահատուկ միջոցառումը մարտի 21-ին կազմակերպվող «Ֆրանկոֆոն ստարտափները եւ թվային նորարարությունը» խորագրով տնտեսական հանդիպումն է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի հետ գործընկերությամբ: Անչափ տպավորիչ մի միջոցառում էլ ունենք՝ «Սմարթֆոնների համերգ»: Կառաջարկվեն նաեւ դասական միջոցառումներ՝ կինո, թատերարվեստ, բայց հիմնական թեման թվային նորարարությունն է»,- հայտնեց պարոն Բորտոլանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել Հայաստան բերված ֆիլմերը: Նա նշեց, որ ֆիլմերն ընտրվել են այն սկզբունքով, որ լինեն վերջին տարիների արտադրության՝ 2012-2016թթ.: Տեղեկացանք, որ «Մոսկվա» կինոթատրոնում 11 ցուցադրությամբ 8 տարբեր ժանրերի ֆիլմեր կներկայացվեն: Փառատոնը կբացվի «Ինչ ենք արել Տեր Աստծուն» կատակերգությամբ եւ կեզրափակվի 2008թ. վախճանված ֆրանսիացի հանրահայտ կուտուրիե Իվ Սեն-Լորանի մասին պատմող վավերագրական ֆիլմով:
Նա տեղեկացրեց «Ալիանս Ֆրանսեզի» մասնակցությամբ Ֆրանսերեն լեզվի մրցույթի մասին, որին կմասնակցեն ոչ միայն Երեւանի, այլեւ Գյումրիի աշակերտները: Նախատեսված է նաեւ Ֆրանկոֆոն թատերական ազգային փառատոն:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ դեսպանության կողմից հայ թարգմանիչներին եւ հրատարակիչներին աջակցությանը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանությունը կարող է աջակցել միայն ֆրանսիացի կամ ֆրանկոֆոն հեղինակների ստեղծագործությունների հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը: Ինչ վերաբերում է «Թվային գրքի տարածման հեռանկարները Հայաստանում եւ Ֆրանսիայում» խորագրով կլոր սեղանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդականը կարծում է, որ դա կնպաստի ստեղծագործությունների տարածման երկուստեք խթանմանը:
Մարտի 21-ին էլ նշվելու է ֆրանսիական խոհարարության տոնը, որը իր շուրջը կհամախմբի մոլորակի 2000 ավագ խոհարարների: Երեւանյան 6 ռեստորաններ այդ օրը ֆրանսիական նրբահամ խոհանոց կառաջարկեն:
Ալեքս Բորտոլանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ մշակութային հաստատություններ է հասցրել այցելել Հայաստանում: Մեր զրուցակիցը ափսոսանքով հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել շատ վայրերում լինել: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը եւ Ֆրանսիան հագեցած համագործակցություն ունեն, երկու կողմերից էլ բազմաթիվ այցեր ու հանդիպումներ են լինում, առայժմ հասցրել է լինել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Ցեղասպանության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Նաեւ տեղեկացրեց, որ ցանկություն ունի այցելել հատկապես Մատենադարան եւ Էրեբունի արգելոց-թանգարան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
17,03.2017