Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց «Տոլստոյը կյանքում» ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը: «Երկու մեծ հումանիստներ Թումանյանը և Տոլստոյը այսօր ներկայացված են մեր հարկի տակ: Ցավոք ցուցահանդեսը բացվում է շատ տխուր օր, երբ մարդասիրությունը և հումանիզմը մեր երկրում սպանվեց: Երևի արդարադատության ներկայացուցիչները չեն կարդացել ո՛չ Թումանյան, ո՛չ էլ Տոլստոյ: Հուսով ենք, որ այս մեծ ստեղծագործողները դեռ ազդակ կհանդիսանան հասարակությունում մարդասիրության քարոզման համար»,-նշեց նա:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Տոլստոյի անվան դպրոցի աշակերտները: Յասնայա Պոլյանա դաստակերտ-թանգարանի շրջիկ ցուցահանդեսների պատասխանատու Մարիա Արշակյանը նախ շնորհակալություն հայտնեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրինությանը, ապա ավելացրեց.
«Մեր այցը Հայաստան մեզ համար հյուրընկալության մի կարևոր դաս եղավ: Մինչ մեր այցը, մենք ծանոթացել էինք այս թանգարանին, սակայն միայն այստեղ հասկացանք, թե ինչ է նշանակում Թումանյան անունը հայ ազգի համար: Այսօրվա ցուցահանդեսի հիմնական նպատակը ցույց տալն է Տոլստոյի ստեղծագործության համար հիմք հանդիսացած նրա կյանքը: Չնայած նրա կյանքի կոնկրետ դեպքերը չենք գտնի ստեղծագործություններում, սակայն կյանքից ստացած ամենաջերմ ապրումները կզգանք դրանցում»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսում ներկայացված Տոլստոյի կյանքի լուսանկարները դասակարգված էին հինգ խմբով.
1 Տոլստոյի դիմանկարները,
2 Տոլստոյը աշխատելիս,
3 Տոլստոյի առօրյան,
4 Տոլստոյի հյուրերը,
5 Տոլստոյը ընտանիքում
Էլեկտրոնային տարբերակով հնարավորություն էր ստեղծվել ծանոթանալ հեղինակի ստեղծագործության բնօրինակներին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 25-ը:
Ագապի ԽԱԼԱԹՅԱՆ