ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մարտի 17-ին հրապարակել է միջանկյալ զեկույց ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Զեկույցում անդրադարձ է կատարվում քաղաքական վիճակին, ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, ընտրողների գրանցմանը, թեկնածության առաջադրմանը եւ թեկնածուների գրանցմանը, նախընտրական քարոզարշավի միջավայրին եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը, ԶԼՄ-ներին, բողոքներին եւ դիմումներին, քաղաքացիական եւ միջազգային դիտորդներին:
«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության խմբի զրուցակիցներից մեծամասնությունը ընտրակաշառքի բաժանման մասին են հայտնել: Կա նաեւ տարածված ընկալում, որ ճնշումը եւ ահաբեկումը ի հայտ կգան նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ներառյալ վարչական ռեսուրսների չարաշահումը»,- գրված է զեկույցում:
Անդրադառնալով բողոքներին եւ դիմումներին՝ զեկույցում նշված է, որ դիտորդական խմբի զրուցակիցները հայտնել են, որ հասարակական դժկամություն կա ընտրախախտումների մասին հայտնելու նկատմամբ, որի պատճառն է ընտրությունների կազմակերպող, դատական եւ իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունը, որ անաչառ եւ արդյունավետ կկարգավորեն դրանք:
Կարդացեք նաև
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ լրատվամիջոցներին. «Մեդիա միջավայրում գերակշռող են քաղաքական առումով փոխկապակցված լրատվամիջոցները: Ազատ համացանցը նպաստում է քաղաքական բազմակարծությանը եւ քննադատական հրապարակումներին»:
Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, դիտորդական առաքելությանը միանալու են պատվիրակություններ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից եւ Եվրախորհրդարանից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ