Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Մոր ու մանկան հիվանդանոցի» տնօրենը՝ Հաց բերողի մահվան մասին․ «Սա այն դեպքը չէ, որ ծածկադմփոց արվի» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 22:20

Aravot.am-ը Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն, ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանին հարցրեց, թե իր կարծիքով Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, որը նրան մղեց մահվան, չի՞ ազդի մեր երկրի վարկանիշի վրա։ Հայաստանում մի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ենք անցկացնում՝ միջազգային մրցանակի արժանացնելով աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների, որոնք իրենց կյանքի գնով օգնում են մարդկանց, մյուս կողմից՝ «հաց հասցնողին» մահվան ենք դատապարտում։

«Որպես մարդ, որպես քաղաքացի՝ շատ եմ ցավակցում այս դեպքի համար, որովհետև հայ մարդ է զոհվել, ազնիվ մարդ է զոհվել։ Ինքն իր վարքով ի՞նչ է արել, փորձել է օգնել, հաց հասցնել դրա կարիքն ունեցողներին՝ անկախ նրանից, թե ովքեր էին։ Այստեղ մեծ քաղաքական ակցիա ես չեմ տեսնում ու շատ ցավում եմ այս իմաստով։ Հասկանում եմ նաև հասարակության ընդվզումը, հասարակության դժգոհությունը, որը կա Երևանի որոշ փողոցներում։ Այն կապված է համակարգային անարդարության հետ, տարբեր համակարգերում, արդարադատության համակարգում ևս շատ խնդիրներ կան լուծման ենթակա։ Մեր պրոբլեմներից մեկը դատական համակարգի անկախ լինելն է, և հիմա փորձում ենք՝ համաձայն նոր Սահմանադրության դատական համակարգն անկախացնել, հուսանք, որ ապագայում նման խնդիրներ չեն լինի։

Որպես բժիշկ, բժշկական իմաստով ես ծանոթացել եմ դեպքի հետ․ Արթուր Սարգսյանը նույն հիվանդությամբ երկու անգամ դիմած է եղել հիվանդանոց։ Ըստ քննչական մարմինների հրապարակած որոշ նյութերի, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների պաշտոնական հայտարարությունների, առաջին անգամ գրավոր հրաժարվել է վիրահատությունից, թե ինչ պատճառներով չեմ կարող ասել, երկրորդ անգամ նա ինքնակամ լքած է եղել հիվանդանոցը, երրորդ անգամ դիմել է ծայրագույն բարդացած վիճակում։

Բնականաբար, նախկինում հյուծված լինելը, հացադուլ հայտարարելը, ամեն սթրեսների մեջ անցնելը շատ ավելի ծանրացուցիչ հանգամանք կարող էր հանդիսանալ։ Եվ արդյունքում ունեցանք այս ողբերգությունը։ Կարծում եմ այս պահին որևէ կողմին՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, որևէ մեկին պետք չէր այս ազնիվ երիտասարդի մահը»։

Ըստ բժիշկ Կուրղինյանի, սա այն դեպքը չէ, որ ծածկադմփոց անեն ու մեղավորներին չպատժեն։ Նրա համոզմամբ, եթե հստակ գնահատական չհնչեցվի, այն ազդելու է մեր երկրի վարկանիշի վրա։ «Պետք է հստակ պարզաբանվեն պատճառները և ոչ միայն ողբերգական ելքի իմաստով, այլ բաց քննվի նաև, թե ինչո՞ւ հայտնվեց բանտում, պե՞տք էր արդյոք, որ բանտում լիներ։ Արդյոք ինքն այն հանցագո՞րծն էր կամ հանցագործ էր, որ նախքան դատավարության ավարտը կալանավորված ու փակված լիներ, այլ կարելի էր ընդամենը ստորագրությամբ բավարարվել կամ այլ իրավական միջոց գտնել։ Եթե այս ամենը բավարարվի ու քաջություն ունենաք, որ հետագայում բացառվեն նման դեպքերը, և եթե մարդիկ կան, որոնք բանտում եղած ժամանակ՝ որպես բանտարկյալի, չեն պահպանել նրա իրավունքները, էդ մարդիկ, եթե պատժվեն, կարծում եմ մենք կխուսափենք մեր հեղինակության հետ խաղացող գնահատականից։ Բայց եթե այս ամենը ծածկադմփոց արվի, հստակ չխոսվի, կարծում եմ մենք շահարկման տեղիք կտանք»։

Ըստ մեր զրուցակցի` Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ հարուցելն ու միջազգային փորձագետների ներգրավվելու փաստաբանների միջնորդությունը բավարարելն արդեն իսկ վկայում են, որ հատկապես իշխանության մեջ եղած մարդկանց նրա մահը պետք չէր։

«Ամենից շատ հենց իրենք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի մանրակրկիտ վերլուծություն կատարվի, գնահատական տրվի, որպեսզի կրքերը, որ խորացել են, հուզումները շատացել են, հանդարտվեն։ Բայց ես չէի ուզի, որ իր մահվան փաստն օգտագործելով՝ որոշ ուժեր փորձեն դիվիդենտներ շահել, հրահրեն որոշ անկարգություններ, սա նույնպես ճիշտ չէ, բարոյական չէ»,-ասում է Աշոտ Կուրղինյանը։

Նշենք, որ Աշոտ Կուղինյանը, որպես պատգամավորության թեկնածու առաջադրված է ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աշոտ Կուրղինյանի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031