Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների և պատասխանատուների հետ:
Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, համագործակցության ծրագրերը՝ համեմատություններ անցկացնելով նախորդ տարիների հետ: Նրանք խոսել են նաև հետագա անելիքների ու ակնկալիքների մասին:
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետվությունը ներառել է ութ հիմնական ուղղություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների, գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական մրցույթի կազմակերպում և հայազգի գիտնականների դասախոսությունների կազմակերպում:
Նախագահը ներկայացված զեկույցը լսելուց հետո, գիտնականներից հետաքրքրվել է, թե տրամադրվող աջակցությունը որքանո՞վ է օգտակար նրանց համար և ինչպե՞ս են երիտասարդները գնահատում իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին երիտասարդ գիտնականներին հետևողական աջակցության և խրախուսման համար՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերի շնորհիվ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար տարեցտարի ավելի գրավիչ է դառնում, ինչի մասին է վկայում նաև հայտարարվող մրցույթներին մասնակցողների թվի զգալի աճը:
Կարդացեք նաև
Նախագահն ընդգծել է, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նպատակը գիտության առաջընթացին նպաստելն ու ոլորտը կադրային ներուժով համալրելն է, ինչպես նաև աջակցելը հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով շփվելու արտերկրի իրենց գործընկերների հետ, ծանոթանալու համաշխարհային գիտության զարգացումներին, նորություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև այն ձեռքբերումների խրախուսումը, որոնք կարող են օգտակար լինել երկրի ներսում որոշակի առաջընթաց ապահովելուն՝ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ նպաստելով գիտական մշակումների կիրառելիությանը:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը շնորհակալագրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ