Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը Մալաթիայում պատմեց 3 նախագահների գայթակղությունների մասին

Մարտ 17,2017 20:50

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ համակիրների հետ հանդիպմանն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ընդամենը 7 կետ ենք ներկայացրել, բայց այդ 7 կետերն ամբողջությամբ իրացրած ենք գալիս այս ընտրություններին: Այս 7 կետերն ամբողջությամբ փոխել են երկրի ընթացքը: Մենք պարզ տեսնում ու հասկանում էինք, որ 90 թվականից ի վեր, երբ Հայաստանը շեղվեց իր իսկ հռչակած անկախության ճանապարհից, որովհետեւ, երբ ժամանակին անկախության հռչակագիրն ընդունեցինք, այն շատ հստակ ճանապարհ էր ցույց տալիս, թե ինչպես պետք է մեր անկախությունը զարգացնենք:

Ներածական մասում հստակ ասում է, որ պետք է զարգացնել եւ ամրապնդել Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Իսկ այդ հանրապետության ժողովրդավարական ավանդույթները ձեւավորվել էին խորհրդարանական համակարգի պայմաններում: Մենք այն ժամանակ էլ ասում էինք՝ եթե դուք դրանից շեղվեք, դուք ունենալու եք անձնակենտրոն մի իշխանություն, շեղվելու եք ժողովրդավարությունից եւ այն, ինչ մենք ձեռք ենք բերել այս շարժման շնորհիվ՝ ժողովրդի միասնականությունը, քանի դեռ արդարության միջավայրը չի ձեւավորվել՝ այդ միասնությունը, հսկայական զարթոնքը, որ ձեւավորվել էր 88-ից հետո, մսխվելու է: Եվ մսխվեց ու շեղվեցինք մենք այդ ճանապարհից»:

Նա ասաց, որ հենց այդ շեղված ընթացքն է, որ իրենք այսօր փորձելու են ուղղել. «Մենք 3 նախագահ փոխեցինք, երեքն էլ իրենց ոճով, մարդկային հարաբերություններով տարբերվելով՝ այդուամենայնիվ այդ խնդիրներին լուծում չտվեցին, որովհետեւ եկան բոլորն էլ, այդ համակարգով գայթակղվեցին: Երբ որ մեկին տալիս ես ամբողջական իշխանություն, այդ իշխանությունը գայթակղիչ է: Իրենք այդ իշխանությունը ծառայեցրին իրենց մոտիկ շրջանակի համար: Երբ որ նայեք այս երեք նախագահները որ փոխվել են, ի՞նչ է փոխվել երկրում, տեղի է ունեցել միայն սեփականության վերաբաշխում: Այն շրջանակը, որ առաջին նախագահի ժամանակ կար, օգտվելով այդ հանգամանքից՝ ունեն ամեն ինչ, մնացածը՝ ոչինչ, երկրորդ նախագահը եկավ, իր շրջանակն ուներ, այդ շրջանակին հիմա այդ ամեն ինչը փոխանցվեց, կամ նրա ձեռքերից առան, դրա համար կոնֆլիկտ առաջացավ, երրորդն եկավ՝ նույնը կատարվեց: Որեւէ երաշխիք չկա, եթե 3 անգամ նույն բանը տեսնում ես, էդ որտեղի՞ց հրաշքով պիտի գա մի չորրորդը, որ այդ բանը տեղի չունենա»:

Դրա համար նա ասաց, որ ՀՅԴ-ն փոխանակ անպտուղ իզուր տեղը հրաժարական պահանջեր նախագահների, մտածեց՝ ավելի լավ է այդ աթոռը հանել, որ որեւէ մեկի մտքով չանցնի, որ այդ աթոռի վրա նստի ու դառնա նույնը, ինչ իր նախորդները. «Այսինքն, չարիքը ծնող պատճառը այս համակարգն էր, էդ աթոռն էր, որի վրա ով նստում էր, դառնում էր տեր-տիրականը ամեն ինչի, դառնում էր թագավոր: Եվ կար 0 պատասխանատվություն, ընտրվում էր 5 տարով, նրան որեւէ մեկը ոչ իմպիչմենթով, ոչ որեւէ այլ ձեւով չէր կարողանում հեռացնել իշխանությունից: Դրա համար կադրային նշանակումները տեղի էր ունենում իր շրջանակից՝ խնամի, ծանոթ բարեկամներ, որոնք որեւէ փորձ, գիտելիքներ չունեին, բայց, քանի որ իրենց մոտիկներն էին՝ նշանակում էին»:

Նա հորդորեց նայել կադրային բանկը, կհամոզվենք, որ նրանցից 30 տոկոսը հազիվ իրենց տեղում լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031