Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարուստը կվճարի աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի համար

Մարտ 17,2017 20:40

«Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում. հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի եւ երիտասարդը` տարեցի համար: Պետության կողմից ոչ թե բուժհիմնարկների այլ քաղաքացիների ֆինանսավորում: Օլիգոպոլ/կորպորոկրատիկ առողջապահությունից անցում դեպի մրցակցային առողջապահություն:

Պետության կողմից առողջապահական ծառայությունների որակի վերահսկողություն». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի առողջապահության ոլորտին վերաբերող առաջարկություններից մի քանի դրույթներ են:

Առողջապահությանը վերաբերող դաշինքի ծրագրից առանձնացրել ենք առավել ուշագրավ հատվածները:

Օրինակ՝ դաշինքն առաջարկում է պարտադիր բժշկական ապահովագրական միջոցները ձեւավորել գործատուի եւ աշխատողի համատեղ վճարումներից: Այս համակարգը, ինչպես նշված է ծրագրում, հնարավորություն կտա աստիճանաբար օրինականացնել եւ կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող ուղղակի եւ «ստվերային» բժշկական ծախսերը:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը նաեւ խոստանում է բարձրացնել առողջության ոլորտի պետական ֆինանսավորումը՝ ՀՆԱ առնվազն 3%-ը (ներկայումս 1.6%)։ Դաշինքը խոստանում է այդ ֆինասնավորումը ի վերջո հասցնել ՀՆԱ- առնվազն 6%-ի։

Դաշինքն առաջարկում է բժշկական օգնության հավաստագրային ֆինանսավորում: Մանրամասնելով թե այս համակարգն ինչպես է աշխատելու, դաշինքը նշում է՝ «Պետությունը կանցնի հավաստագրային ֆինանսավորման` առողջապահության պետական բյուջեով հաստատված ամենամյա ծրագրի շրջանակներում։ Հավաստագիրը, իբրեւ մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարման միջոց, ազատ ձեւով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական բոլոր կազմակերպություններում եւ առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա կլինի պետության կողմից մարման։ Սրա արդյունքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Հավաստագրերը կտրվեն քաղաքացիներին, որոնց իրացման հիմքում կդրվի առողջապահական հիմնարկների մրցակցությունը: Կդադարեցվի բուժհիմնարկների ուղղակի ֆինանսավորումը բյուջեից` բացառությամբ տարափոխիկ հիվանդությունների եւ տուբերկուլյոզի բուժում իրականացնողների»:

Դաշինքը խոստանում է ներդնել բժշկական օգնության եւ ծառայությունների առաջարկի եւ գնման համակարգ՝ խուսափելու համար բժիշկների եւ բուժհիմնարկների կողմից բժշկական ծառայությունների սպառումը անհիմն ուռճացնելու միտումներից՝ չհիմնավորված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ եւ այլն: Դաշինքը նախատեսում է վերահսկել հիվանդների բուժման որակը բոլոր բուժհիմնարկներում՝անկախ  դրանց սեփականության ձեւից:

Ըստ դաշինքի ծրագրի, նախատեսվում է նաեւ բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթի ապակենտրոնացում:

Դաշինքի մյուս ուշագրավ առաջարկներից է նաեւ բնակչության դեղորայքային ապահովվածության ու մատչելիության պետական նպատակային ծրագիր ունենալ, որին կուղղվի պետբյուջեից առողջապահությանը հատկացվող միջոցների առնվազն 10%-ը: Առաջարկվում է՝ «Հիմնական դեղերի ցանկի» վերանայման հաճախականությունը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի:

Դաշինքը խոստանում է՝ «Կվերանայվի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման կարգը»` այն դարձնելով առավելագույնս արդար, կոռուպցիոն ռիսկերից զերծ եւ ճկուն, որպեսզի անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողները բժշկի նշանակած դեղերը ստանան ողջ ծավալով եւ տեսականիով եւ ստիպված չլինեն հավելյալ չնախատեսված ֆինանսական միջոցներ ծախսել իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար»:

Դաշինքը խոստանում է բարձրացնել առողջապահական մասնագետների աշխատավարձերը, բայց այդ վարձատրությունը հիմնված է լինելու մասնագետների կրթության, աշխատանքային փորձի, նրանց կատարած փաստացի աշխատանքի վրա: Սա, ըստ ծրագրի, հաշվարկվելու բնակչության առողջական իրավիճակի եւ կատարողականի ցուցանիշներով:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը նախատեսում է բժիշկների եւ բուժքույրերի թվաքանակի հարաբերակցության փոփոխություն՝ 1 բժշկին՝ 3 բուժքույր հաշվարկով, ներկայիս 1-1.4-ի փոխարեն:

Բացի այս, դաշինքը նախատեսում է ոլորտի օրենսդրական փոփոխություններ, եւ մի շարք այլ ծրագրեր, որոնք, սակայն իրականություն կարող են դառնալ, եթե դաշինքը խորհրդարանական մեծամասնություն կազմի, կամ ասենք՝ նոր ձեւավորվող կառավարությունում հաղթող ուժի հետ կոալիցիա կազմի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031