Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զիջումը խաղաղության ճանապարհ չի, զիջումը ուղիղ գծով մեզ տանելու է կործանման». Արսեն Համբարձումյան

Մարտ 17,2017 20:13

Այսօր ՀՅԴ-ն քարոզարշավ իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Համակիրների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արսեն Համբարձումյանն ասաց. «ՀՅԴ-ի մասին շատ հեշտ եւ շատ դժվար է խոսել, որովհետեւ ՀՅԴ-ն 127 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է, ասելիքը շատ է:ՀՅԴ-ն անցյալ ունեցող, ներկային նայող եւ ապագայով ապրող ուժ է:

Մենք ազգային հարցերում իրավունք չունենք զիջելու, զիջելու ոչինչ չունենք: Զիջումը խաղաղության ճանապարհ չի, զիջումը ուղիղ գծով մեզ տանելու է կործանման: Ասում ենք սա՝ որպես մի ուժ, որը Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունի, մասնակից է եղել ազատամարտին եւ միակ քաղաքական ուժն է ՀՀ-ում, որի շարքերի 20 տոկոսը զոհվել են ճակատում: ՀՅԴ-ն միակ ուժն է, որի շարքերի 60 տոկոսը մասնակից է եղել ազատամարտին»:

Ըստ նրա, հենց դրա համար է, որ իրենք իրավունք ունեն ասելու՝ զիջումների մասին խոսող քաղաքական ուժերը ուղղակիորեն նպաստում են Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության աճին:

Նա հորդորեց ուշադիր լինել, թե ինչպիսի լոյալ, դրական վերաբերմունք կա ադրբեջանական մամուլում այն ուժերի նկատմամբ, որոնք խոսում են խաղաղության մասին, որովհետեւ հասկանում են, որ մեր ուժերը կարող են ջլատել այդ ճանապարհով. «Մենք չենք կարող զիջել տգիտությանը, զոռբայությանը: Ուժեղ պետություն, համերաշխ հասարակություն մենք կարող ենք ունենալ միայն սոցիալական արդարության պայմաններում»:

Արսեն Համբարձումյանն ընդգծեց, որ իրենք շատ կարեւորում են համակարգային փոփոխությունները մեր երկրում, որովհետեւ ուժեղ պետություն եւ ուժեղ հասարակություն, եթե չկարողանան ստեղծել՝ չեն կարող պայքարել առկա պրոբլեմների դեմ. «Մենք պետք է ունենանք նոր որակի իշխանություն, արդյունավետ կառավարում: Ոչ մի երկիր զարգացման հնարավորություն չի կարող ունենալ, եթե այլ արժեքների է ապավինում: Մենք ունենք շատ կարեւոր արժեք՝ հայ մարդն է: Քանի դեռ մեր մրցակցային առավելությունը չենք գիտակցել, չենք կարող ուժեղ պետություն կառուցել: Սա է պատճառը, որ ՀՅԴ-ն այսօր իշխանության մեջ է գտնվում: Առանց համակարգային փոփոխության չենք կարող արդյունքի հասնել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ծանր գին ենք վճարում դրա համար, բայց պատրաստ ենք այդ քննադատությունը տանել: Միգուցե շատերը չեն հասկանում ՀՅԴ-ի որդեգրած քաղաքականությանը, բայց մենք համոզված ենք, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո համակարգային փոփոխություններ են լինելու»:

ՀՅԴ անդամի խոսքերով՝ այն ջղաձիգ վիճակները, որ այսօր կա քարոզարշավի ժամանակ, դա վերջին ջղաձգություններն են այն զոռբաների, կիսագրագետների, որոնք փորձում են վերջին շնչում իշխանությունը պահել իրենց ձեռքում:

Նա նշեց, որ այս ընտրությունները շատ կարեւոր են, կանխորոշելու են 20-25 տարվա ՀՀ կյանքը: Այս գիտակցումով է, որ իրենք փորձում են ժողովրդի քվեն ստանալ, որ իրենց առջեւ դրված ծրագրերը կյանքի կոչեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031