Արագածոտնի մարզից «Ծառուկյան» դաշինքի տարածքային առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավի ընթացքից, թեեւ նկատում է, որ Հանրապետականը երբեմն փորձում են խոչընդոտել իրեն:
Aravot.am-ի հետ զրույցում Խաչիկ Մանուկյանն ասաց, որ մինչև ընտրություններ մտադիր է հանդիպումներ անցկացնել ընտրատարածքի բոլոր 110 համայնքներում, սակայն դա միշտ չէ, որ իրեն հաջողվում է. «Պատահում է, որ ՀՀԿ-ի ձեռամբ ինձ խոչընդոտում են քարոզարշավ անցկացնել: Այդպես, օրերս ՀՀԿ-ական գյուղապետերից մեկն ինձ հետ հանդիպման չեկավ, հետն էլ արգելեց, որ համայնքի բնակիչները գան հանդիպման»:
Թեկնածուն չի կարծում, թե ՀՀԿ-ական գյուղապետ լինելը ինչ-որ վարչական լծակ է, պարզապես այստեղ գաղափարի խնդիր է. «Մարդ մի քիչ խելք պիտի ունենար, որ չխանգարեր: Եթե եկել եմ, ուրեմն բան ունեմ ասելու-ներկայացնելու, գուցե հենց համայնքի համար եմ մի լավ բան ասում, ինչո՞ւ ես խանգարում»:
Ըստ մեր զրուցակցի, Արագածոտնի մարզում էլ կա այն խնդիրը, որն այս օրերին ակնհայտ է դարձել նաև մյուս ընտրատարածքներում. «Մի ամբողջ 60 հոգով իմ դեմ են աշխատում, չգիտեմ էլ թե ինչի համար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կոնկրետ իր խոստումներին, ապա Խաչիկ Մանուկյանն ասաց, որ ոչինչ չի ուզում խոստանալ ու օրենքով չի էլ կարող խոստանալ իր ընտրողներին, ընդամենը առաջարկում է իրենց ձայները տալով՝ միանալ իր գաղափարներին, որպեսզի հնարավոր լինի բարեփոխում իրականացնել ժողովրդի վիճակը բարելավելու համար: Հիշեցնենք, հենց այս թեզն է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում: Ի դեպ, տարածքի շատ համայնքների բնակիչներ բավական լավ են վերաբերվում Խաչիկ Մանուկյանին: Դեռ տարիներ առաջ, երբ Խաչիկ Մանուկյանը ԱԺ պատգամավոր էր, տարածքի որոշ համայնքների համար մի շարք ծրագրեր է իրականացրել ու աջակցություն ցուցաբերել: Խաչիկ Մանուկյանի հիմնական մրցակիցը մարդիկ համարում են նախկին ՀՀԿ-ական մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանին:
«Դրա սֆաթը հեչ տեսած չինք: Գա ստեղ ի՞նչ ընի՝ ծերանոց ա սա դառել, ջահել-ջհուլ գնացել են ռուսաստաններ, մենք մնացել ենք մեռնելու: Գոնյա նենց մեկը ընտրվի, որ մեր տեղը հիշում ա ու օգնում ա, ոչ թե խոպաններում հարստացած ախպերների ձեռքն ընգնինք, չիմանան մեզ ոնց էն աշխարհ ճամփին»,- ասաց Մաստարայի բնակիչ Ջիվան պապը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ