Ազատության հրապարակում այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ երթով ճանապարհվեցին դեպի կառավարության շենք՝ փոխանցելու իրենց պահանջագիրը:
Քաղաքացիները պահանջում են երեկ «Արմենիա» Բ/Կ-ում մահացած «հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի պանթեոնում: Նրանց երկրորդ պահանջը վերաբերում է «հաց բերողի» մահվան պատասխանատուներին:
«Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր անձինք, որոնք ուղղակիորեն ու անուղղակիորեն կապված են Արթուրի սպանության հետ: Երրորդ պահանջը վերաբերում է այս իշխանությունների հեռանալուն: Պահանջում ենք՝ ՀՀ իշխանությունը 2008-ի «մարտի մեկի» սպանդով զավթած իշխանության հեռացումը»,- հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
Անցած տարվա հուլիսից Խորենացի փողոցից կալանավորված Հայկ Հովհաննիսյանի հայրն էլ հայտարարեց, որ ութ ամիս անց, այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ, իր տղան ազատ արձակվեց. «Արթուրը մեր ընկերն էր, նա նահատակվեց, որ ազատ արձակվեն մյուսները: Իմ որդին, որը ձերբակալվել էր Խորենացու փողոցից եւ ութ ամիս զնդաններում տառապելուց հետո այսօր ազատ արձակվեց: Նա նույնիսկ իր մահով էլի փրկություն բերեց տղաներից մեկին, որդուս ազատ արձակեցին, որովհետեւ տեսան՝ այս շարժումը նահանջ չունի»:
Շահեն Հարությունյանն էլ շարունակեց՝ ասելով, որ երեկվա հանրահավաքին, Արթուր Սարգսյանը պետք է մասնակցեր. «Այստեղ պետք է լիներ ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի դրոշները, որովհետեւ Արթուրը կարծում էր, որ Հայաստան- Արցախ նույն հողն է, նույն հայրենիքն է, մյուս անգամ նաեւ Արցախի դրոշներն են լինելու:
Քայլ առ քայլ պետք է իրականացնենք Արթուրի ցանկություններն ու նպատակները, որոնց համար սպանեցին Արթուրին, նա իր անձնական նկատառումներից չհայտնվեց բանտում, նման կարգավիճակում: Երբ ասում ենք Արթուրի գործ, դա մեր գործն է, որն ամբողջ ծանրությունը վերցրեց իր վրա, ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, խոսեց այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք տներում: Նա գնաց մինչեւ մահ»:
Շահեն Հարությունյանը պատմեց, որ գիշերը երազում Արթուր Սարգսյանին է տեսել. «Նա ուզում էր, որ ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց, երազումս տեսա, որ հարյուր հազարավոր մարդիկ փողոցում են, իսկ ինքը մեզ է նայում: Չեմ ցանկանում նրա մահն ուրանալ, նա զոհվեց ինչպես իսկական հերոսը կզոհվեր: Սպանեցին, ինչպես թշնամին թշնամուն կսպաներ, մեր հերոսին թշնամիները սպանեցին: Արթուրին մի դիտարկեք որպես մարդ, այլ որպես արժեքների համախմբում, նա բոլորիս մեջ պետք է լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ