ՀՀԿ խմբակցության ղեկավար, թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Ջրառատի դեպքերի մասին, այսօր հիշեցրեց, թե ինքը մինչև քարոզարշավն է ԱԺ-ում հայտարարել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման միջադեպերից:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ընտրությունների ժամանակ, բնականաբար, բոլոր նման դեպքերը վերագրվում են ընտրական գործընթացներին։ Ես, իհարկե, չեմ ցանկանում հանդես գալ փաստաբանի դերում ու ասել, որ դրանք ընտրությունների հետ կապված չեն։ Միջադեպերը տեղի են ունեցել, եւ ես չեմ բացառում, որ դրանք կարող են կրկնվել։ Համենայն դեպս մենք պետք է զգոն լինենք, որպեսզի կարողանանք կանխել ու դատապարտել նման միջադեպերը, արջի ծառայությունները, որ մատուցվում են, դրանք ստվեր են գցելու այս ընտրությունների վրա։ Այդ միջադեպերը պետք է բացահայտվեն, խստագույնս պատժվեն, այլապես կարող են հաջորդականություն ունենալ»:
Վահրամ Բաղդասարյանը խուսափեց կոնկրետ Ջրառատի դեպքի վերաբերյալ գնահատական տալ, քանի որ իր խոսքով «այդտեղ խայտաբղետ շերտեր կան»:
Դիտարկմանը, թե Ջրառատի դեպքերի հետ կապված ՀՀ համայնքներում ստեղծվել է վախի մթնոլորտ, և շատ մարդիկ չեն գնում ընդդիմության հավաքներին հենց նման դեպքերի պատճառով, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, թե ընդդիմադիրները վախի մթնոլորտին են վերագրում իրենց հավաքների սակավամարդությունը.
Կարդացեք նաև
«Շատ քաղաքական ուժերի նպատակը հինգ կամ յոթ տոկոսը հաղթահարելն է, դա իրենց ռեսուրսն է: Եվ եթե հավաքներին քիչ տոկոսով մարդիկ են լինում, դա պետք չէ վերագրել վախի մթնոլորտին: Լոռիում, օրինակ, որտեղ ես եմ առաջադրված, նման մթնոլորտ չկա: Ինչի՞ց պետք է վախենան, ի՞նչ ունի կորցնելու ժողովուրդը, ինչի՞ց վախենա, դրանք շահարկումներ են: Ժողովուրդն այնքան է քաղաքականացվել, որ չեմ կարծում, թե նման մանր շահարկումներից վախի մթնոլորտ լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ