Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս

Մարտ 17,2017 18:02

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն  առնչվող հարցերի  շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի ներկայացուցիչներ:

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար, սակայն եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմենք գումարի չափն ավելացնելու համար: Մենք հետևողական ենք լինելու և պարբերաբար ուսումնասիրելու ենք ծրագրի արդյունավետությունը, գյուղտեխնիկա ներմուծողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ վերլուծելու ենք թույլ կողմերը` դրանք հետագայում շտկելու և վերջնական սպառողին ներկայացնելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարն ընդգծել է, որ գյուղտեխնիկայի արտադրման երկրի մասով որևէ սահմանափակում չի նախատեսվում:

«Մենք ստեղծել ենք մի դաշտ, որտեղ բոլորը կարող են մասնակցել և առաջարկ անել: Ես համոզված եմ` արտահանող երկրների համար սա խթան է, և իրենք շատ արագ կստանան այդ ազդակը` Հայաստանում նման պետական ծրագրի առկայության մասին,  և հենց արտադրողն է շահագրգռված լինելու ավելի լավ գին առաջարկելու` իր արտադրությունը զարգացնելու և նոր շուկա մտնելու համար: Սա իրականում նոր, ծավալուն շուկա է բոլոր գյուղտեխնիկա արտադրող երկրների համար»,-հավելել է Իգնատի Առաքելյանը:

Իր հերթին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին առաջիկա օրերին արդեն սկսել բանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը: Նա նաև հավելել է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե’ մասնավոր հատվածի,  թե’ տեղական ինքնակառավարման մարմինների կառույցներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում` հնարավոր ռիսկերին, պայմանագրերի կնքման ընթացակարգին, ներկրվող տեխնիկայի ետերաշխիքային սպասարկմանը և այլն:

Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել  հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:

Շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել  մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031