Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի հիմնախնդիր, ԵԱՏՄ, ԵՄ. Ո՞րն է դաշինքների արտաքին քաղաքականության տեսլականը

Մարտ 17,2017 17:36

«Մեդիա կենտրոնը» մարտի 17-ին «Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ» թեմայով քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից Վլադիմիր Կարապետյանը, «Ելք» դաշինքից Արայիկ Հարությունյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից Գեղամ Նազարյանը: Բանախոսները ներկայացրեցին իրենց քաղաքական ուժերի մոտեցումները:

«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ունի խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության ծրագիր. «Որ վերջ դրվի պատերազմին, վերջ դրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ընդ որում, հնարավորինս կարճ ժամկետներում սեղանի վրա դրված փաստաթղթի ստորագրմամբ՝ փոխզիջումային տարբերակով, ինչի մասին արդեն խոսում են բոլոր քաղաքական ուժերը, բայց մենք կարծես թե ամենաբարձրաձայնն ենք շեշտադրում դրա անհրաժեշտությունը: Մեր խորին համոզմամբ՝ դա լրացուցիչ անվտանգություն կընձեռի Հայաստանին, ինչպես նաեւ Արցախին առաջին հերթին, եւ նաեւ գերազանց հնարավորություններ կստեղծի մեր երկրների զարգացման համար: Ի վերջո, աշխարհում անվտանգության ընկալումը այնպիսին է, որ միայն բարիդրացիական հարեւանության մթնոլորտում քեզ կարող ես ապահով զգալ եւ մտածել զարգացման վերաբերյալ: Կարծում եմ՝ այդ ծրագիրը միանգամայն կարող ենք կատարել, որեւէ խնդիր չկա՝ չնայած բոլոր հարցադրումների: Կարող եմ ասել, որ մինչեւ քարոզարշավի վերջ շարունակելու ենք պնդել այդ առաջնայնության մասին»:

«Առաջնահերթություն է Արցախի հարցի կարգավորումը»

Արայիկ Հարությունյանն ասաց, որ «Ելքի» նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում առաջնահերթություն է Արցախի հարցի կարգավորումը. «Մենք ունենք հստակ ձեւակերպումներ, մենք ասում ենք, որ Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը չի կարող նպաստել այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր տարածաշրջանում եւ հստակ է, որ ռազմական հավասարակշռության հստակ խախտում կա: Մենք համարում ենք, որ քանի որ այս ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում չի վերականգնվել, ապա Արցախի հարցի ցանկացած լուծում լինելու է ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության:

Եվ սրա համար կարեւոր նախապայման է, անշուշտ, Հայաստանում իշխանափոխության իրականացումը, որովհետեւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը ձախողել են իրենց ամբողջ արտաքին քաղաքականության դոկտրինը: Եվ վերջին տարիներին Արցախի հարցում ոչ բարենպաստ պայմանները այդ արտաքին քաղաքականության արդյունք են: Բացի այդ, մենք համարում ենք, որ որեւէ փոխզիջումների կամ առհասարակ լուրջ քննարկումների մասին մեր հակառակորդ պետության՝ Ադրբեջանի հետ չի կարող լինել, քանի դեռ այդ պետության կողմից չկա հստակ պատրաստակամություն քննարկելու Արցախի ինքնորոշման հարցը: Եթե այս ամեն ինչը չկա, խաղաղության մասին խոսելը, փոխզիջումների մասին խոսելը, մենք կարծում ենք, որ ավելորդ է»:

«Ելքի» երկրորդ առաջնահերթությունը հստակություններն են՝ քաղաքական եւ տնտեսական միությունների հետ հարաբերություններում. «Ակնհայտ է, որ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում մենք ունենք լրջագույն խնդիրներ: Դրանք ինչպես մեր արտաքին ձախողված քաղաքականության հետեւանք են, այնպես էլ մեր դաշնակից պետությունների որոշ հարցերում միանգամայն այլ շահեր ունենալն է: Եվ այստեղ մենք շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք բոլոր դաշնակից պետությունների հետ՝ ելնելով մեր ազգային շահերից»:

Դաշինքի երրորդ առաջնահերթությունը Եվրամիության հետ բանակցությունների վերականգնումն է ասոցացման եւ խորը եւ համապարփակ համաձայնագրերի ստորագրության վերաբերյալ. «Մենք համարում ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը քաղաքական սխալ էր: Եվ այստեղ նույնպես իշխանության գալուց հետո «Ելք»-ը վերանայումներ է կատարելու»:

«Արտաքին քաղաքականությունը սկսվում է ներքին քաղաքականությունից»

Գեղամ Նազարյանը ասաց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համոզված է, որ արտաքին քաղաքականությունը սկսվում է ներքին քաղաքականությունից, ժողովրդավարությունից, տնտեսությունից. «Այսինքն՝ մեր դիրքերը աշխարհում, այդ թվում նաեւ Արցախի հարցում ընթացող բանակցային գործընթացում կարող են ուժեղ եւ ամուր լինեն, եթե Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն, եթե Հայաստանում ընտրությունները չկեղծվեն, եթե Հայաստանում մարդու իրավունքները չխախտվեն, եթե Հայաստանում բարի կամք դրսեւորած մարդուն, որը ստացավ շատ խորհրդանշական՝ «հաց բերող» անունը չտանեին, չտանջեին եւ չսպանեին, ապա Հայաստանի դիրքերը շատ ամուր կլինեին բանակցային գործընթացում: Եվ մեր մոտեցումն այսպիսին է՝ մենք նախ պետք է Հայաստանը ոտքի կանգնեցնենք, Հայաստանը պետք է ժողովրդավարական երկիր լինի, իսկ եթե ժողովրդավարական լինի, կունենա նաեւ առողջ, զարգացող տնտեսություն, եւ որից հետո մենք կունենանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու լուրջ հենք հենարան:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում եւս անդրադարձ կա Արցախի հիմնախնդրին. «Մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովրդին հիմնականում հետաքրքրում է Արցախի խնդիրը, թե Արցախի հարցում մենք ինչ դիրքորոշում ունենք: Դիրքորոշումը շատ պարզ է՝ մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը ճանաչի արդեն 25 տարվա ինքնորոշման փաստը, մենք հասնենք նրան, որ աշխարհը, գերտերությունները ընդունեն կատարված փաստը, իսկ ընդունելու համար Հայաստանը պետք է ունենա բավական ամուր դիրքեր: Իհարկե՛, այդ խնդրի կարգավորմանը մենք պետք է հասնենք բանակցությունների ճանապարհով: Իսկ ավելի պարզ՝ փոխզիջումը՝ արդեն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո Ադրբեջանը եւ Արցախը կնստեն եւ իրենց սահմանները կորոշեն:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ալիեւը այսօր հասկանալով, որ հիմա գտնվում է պիկում, որից հետո Ադրբեջանի ազդեցությունը, աննախադեպ ճնշում է գործադրում՝ հասկանալով, որ Հայաստանի անկումը հասել է նվազագույն կետին, որից հետո վերելք է սպասվում: Եվ նա այս ընթացքում աննախադեպ ճնշում է գործադրում համանախագահող պետությունների վրա, Հայաստանի վրա փորձելով հասնել կարգավորման իր համար առավելագույն տարբերակին: Դրա համար Ալիեւը հայտարարում է, որ մենք ոչ մի դեպքում չենք քննարկելու մեր տարածքային ամբողջականությունը եւ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս իրավիճակում Ադրբեջանից ինչ-որ զիջում ակնկալելը, իհարկե՛, միամտություն կլինի»:

Գեղամ Նազարյանը շեշտեց, որ Հայաստանը խնդիրներ է ունեցել մինչեւ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալը. «Մինչեւ այդ էլ կային ձախողումները, աղքատությունը կրկին վերելք էր ապրում, կրկին արտագաղթի տեմպերը հասնում էին աստղաբաշխական տեմպերի: Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է շատ ջերմ, համակողմանի, հավասարը հավասարի հարաբերություններ զարգացնի Ռուսաստանի հետ, շատ ջերմ եւ նորմալ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, բայց դրա համար Եվրամիության հետ 3 տարի չեն բանակցում եւ հետո մեկ օրում հայտնվում Եվրասիական տնտեսական միությունում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031