Մարտի 17-ին Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի և Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:
Ծրագրի գործընկեր կառույցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով սիրիահայերի համար հերթական ծրագրի մեկնարկը՝ նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի գործընկեր կազմակերպություններին, հատկապես Իզմիրլյան հիմնադրամի մարդասիրական կենտրոնին, որը Վեհափառի օրհնությամբ պատրաստակամ է օգնել լուծելու սիրիահայերի բժշկական խնդիրները, նրանց համապատասխան բժշկական խորհրդատվություն և օգնություն տրամադրել: Մեր շատ սիրելի սիրիահայերի համար ստեղծված են բոլոր պայմանները: Մինչև օրս տարբեր բուժհիմնարկներում ավելի քան 5000 սիրիահայ անվճար պոլիկլինիկական ծառայություններ և բժշկական օգնություն է ստացել: Հատուկ շնորհակալություն բժիշկներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, հոգատարության համար»:
Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունեց և գործընկեր կառույցներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը:
Կարդացեք նաև
Իր ողջույնի խոսքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ կյանքի կոչելու մի ծրագիր, որի իրականացումը մեր սրբազան պարտքն է՝ որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու: Որպես բժիշկ՝ խոր երախտագիտություն եմ հայտնում բոլոր գործընկեր կառույցներին, որոնք նախաձեռնեցին, կազմակերպեցին և կարողացան կյանքի կոչել այս ծրագիրը»:
Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Արմեն Չարչյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, հիմնադիր անդամ Ծովիկ Պայթարյանը:
«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Այն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ