Բելառուսում Ադրբեջանի հայցով ձերբակալված Ալեքսանդր Լապշինի Բաքու արտահանձնվելուց հետո տպավորություն ստեղծվեց, որ Մոսկվան հանդես է գալու Մինսկից արդարացիորեն դժգոհողի դերում:
Լապշինը, ինչպես հայտնի է, Իսրայելի և ՌԴ քաղաքացի էր, ում Ադրբեջանը, այսպես ասած, հետապնդում էր Արցախ այցելելու և այդպիսով իբր իր սահմաններն ապօրինաբար խախտելու համար: Բելառուսում Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի դիմումի համաձայն ձերբակալեցին անցած տարվա դեկտեմբերին ու, չնայած ծագած միջազգային սկանդալին, արտահանձնեցին Բաքու՝ անտեսելով պաշտոնական Մոսկվայի և Իսրայելի, թեկուզ և ոչ շատ կտրուկ, բայց, այնուամենայնիվ, հստակ դժգոհությունը:
Այս գործընթացում Մոսկվայի կեցվածքն այնպիսին էր, որ ավելի պակաս ժողովրդավարական երկրում, այն է՝ Բելառուսում, խոսքի ազատության իրավունքն անտեսելով՝ ձերբակալել են իրենց քաղաքացուն և հանձնել մեկ այլ ավելի պակաս ժողովրդավարական երկրի՝ Ադրբեջանի: Այնինչ, վերջին իրադարձությունները մատնացույց են անում, որ ռուս-բելառուսական հարաբերություններում առոչինչ են խոսքի և մամուլի ազատության պես «երևույթները», իսկ բոլոր հարցերը լուծվում են խորը փոխըմբռնման և քաղաքական հաշվարկների միջոցով:
Մասնավորապես, մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում Մինսկի դիմումի համաձայն, ձերբակալվել է Բելառուսի քաղաքացի, Regnum գործակալության խմբագիր Յուրի Բառանչիկը, որին բելառուսական կողմը, ըստ ամենայնի, մեղադրում է ազգային խտրականություն հրահրելու մեջ և կարող է դատապարտել մինչև 12 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Իսկ ռուս-բելառուսական հարաբերությունների ծուղակում Regnum-ը հայտնվել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Regnum-ի Բելառուսում աշխատող երեք թղթակից-լրագրողներ ձերբակալվել էին իրենց հրապարակումներում արված ձևակերպումների համար: «Բելառուսերենը ցանկացած դեպքում ապագա չունի», «խելագարված կիսապետություն», մասնավորապես, գրել էին լրագրողներն իրենց նյութերում:
Մի կողմ թողնելով վերը բերված ոչ միանշանակ արտահայտությունների բովանդակությունը՝ փաստենք, որ Բելառուսում ՌԴ դեսպանատունը, փոխանակ իր քաղաքացիների շահերը ներկայացնելու, հանդես էր եկել դեսպանի մակարդակով հայտարարությամբ, թե նման արտահայտությունները չեն զարդարում ոչ մի լրագրողի:
Այս կապակցությամբ Regnum-ը պահանջել էր ՌԴ արտգործնախարարությունից պարզաբանել դեսպանի դիրքորոշումը, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտպանել էր դեսպան Ալեքսանդր Սուրիկովին: Այս բանից հետո Regnum-ը, այնուամենայնիվ, դատի էր տվել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով հերքել Զախարովայի խոսքերը: 2017-ի փետրվարին դատարանը ներգրավել էր ԱԳՆ ներկայացուցչին որպես պատասխանող կողմ:
Ուստի, ուղղակիորեն ստացվում է, որ Ռուսաստանում Բելառուսի դիմումի համաձայն ձերբակալել են այն գործակալության խմբագրին, որի հետ ՌԴ ԱԳՆ-ն գտնվում է դատական առճակատման մեջ: Մյուս կողմից, Ռուսաստանում ձերբակալել են մի գործակալության խմբագրի, որի թղթակիցները Մինսկում հետապնդվում են գրաքննություն հիշեցնող մեղադրանքով: Եւս մեկ կողմ՝ Ռուսաստանում Բելառուսի դիմումի համաձայն ձերբակալել են լրագրողի այն դեպքում, երբ Բելառուսը արտահանձնել էր ռուսաստանցի լրագրողին այլ երկրի:
Այս ամենն ակնհայտորեն մատնանշում է, որ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում լրագրողները, իրենց խոսքի ազատությունն ու քաղաքացիությունը որևէ էական դեր չունեն ու եթե պետք է եղբորը, եղբայրն անպայման կմատուցի մեկ-երկու լրագրողի սկուտեղի վրա:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»