Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջինը աղբամանի մեջ գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկը, այսպես են սրանցից ազատվում». Արտակ Զեյնալյան

Մարտ 17,2017 15:42

«Հանրապետություն» կուսակցության եւ «Ելք» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից այսօր հետաքրքրվեցինք՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը իրավական ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

Նա պատասխանեց. «ՀՀ-ի համար սա հերթական գործն է լինելու, որով արձանագրվելու է, որ չի կատարում իր պարտականությունները: Սա կարող է շատ ավելի խիստ լինի, քան այն դատական ակտերը, որոնցով արձանագրվել է դա: ՀՀ-ում համակարգային խնդիր կա, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով անձինք պահվում են կալանքի տակ: Սրա մասին իշխանությունները գիտեն, իշխանության շարքերում եղած իրավաբանները գիտեն, մենք իր հետ այս մասին խոսել ենք, Եվրոպական դատարանն իրենց պարտավորեցրել է կատարել քայլեր, եւ իրենք չեն կատարել»:

Սոցցանցերում՝ ֆեյսբուքում մեղադրանքի սլաքներն ուղղվում են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ֆեյսբուքը ողողված է՝ «ջահել ես, արյուն կա արդեն վրադ» եւ այս կարգի գրառումներով, ինչքանո՞վ է նա մեղավոր Արթուր Սարգսյանի մահվան մեջ՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Բացի այն, որ իշխող կառավարությունը ամբողջությամբ պատասխանատու է, նրանց սատարողները բոլորը պատասխանատու են սրա համար, պատասխանատու է նաեւ արդարադատության նախարարը՝ անկախ նրա անձից: Արդարադատության նախարարության համակարգում են գտնվում ՔԿՀ-ները: Այս անձին չպիտի ընդուներ ՔԿՀ-ն, պիտի այնքան անկախ լինի համակարգը, որ չընդունի:

Քրեակատարողական հիմնարկում մարդուն բաց չեն թողնում, մինչեւ նրանց չեն զանգում՝ անկախ նրանից, որ փաստաթուղթ կա: Իրավական հարաբերությունները մի կողմ, մինչեւ չեն զանգահարում՝ չեն թողնում: Հաղթանակ է համարվում, որ մարդուն հանում են մեկուսարանից լույսը չբացված՝ գիշերով, երբ մարդը հենց իր մասին որոշումը կա, կարող է անմիջապես հեռանալ, բայց իրավակիրառական պրակտիկան հետեւյալն է՝ պահում ենք, մինչեւ լույսը բացվի, այսինչը գա, այնինչը գա…

Սրա համար պատասխանատու է ՀՀԿ-ի կառավարության արդարադատության նախարարը՝ անկախ իր անձից ու մեր հարաբերություններից: Սա համակարգային խնդիր է ՀՀ-ում, կալանավայրերը գերծանրաբեռնված են, առողջական խնդիրներով մարդիկ, ում ազատազրկումն անհամատեղելի է իրենց ազատազրկման հետ, կրում են իրենց պատիժը կամ կալանավորվում են: Վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում, սրա համար պատասխանատու են ՀՀԿ-ի արդարադատության բոլոր նախարարները:

Մենք, որպես իրավապաշտպան, սրա մասին ասել ենք, ՀԿ-ներով ենք ասել, զեկույցներով ենք ասել, ՄԻԵԴ վճիռներով ենք ասել: Իրենք պատասխանատո՛ւ են: Դրա համար գնացեք անպայման ընտրությունների, վերցրեք քվեաթերթիկների փաթեթը եւ առաջինը աղբամանի մեջ գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկը: Այսպես են սրանցից ազատվում: Սրա լուծումն այսպես է՝ ՀՀԿ-ի քվեաթերթիկը աղբամանի մեջ գցելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031