«Եթե Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO) գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա այդ կազմակերպությունն այլևս Հայաստանի օգտին չի աշխատի: Եթե նա այդպիսի կարևոր պաշտոն ձեռք բերի, ապա կկարողանա ղեկավարել բոլոր ճանապարհները, որոնցով այդ մշակութային, կրթական ծրագրերը գալիս են Հայաստան»,- այսպես ասաց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մարտի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO) գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչն ըստ Արման Նավասարդյանի վտանգավոր է Հայաստանի համար:
«Մինչև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան դառնալը, լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար, նա առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում և Նախիջևանում մեր հուշարձանների ոչնչացման գործում: Կոնֆլիկտային պետության դեսպան լինելով ՝ նա ոչ թե աշխատել ու աշխատում է ուղիներ գտնել կոնֆլիկտները վերացնելու համար, այլև ցուցաբերում է միանգամայն հակառակ դիրքորոշում: Նա, կարող եմ ասել, հազվագյուտ երևույթ է դիվանագիտության մեջ»,- ասաց Արման Նավասարդյանը։
Նա նկատեց, որ Փոլադ Բյուլբյուլօղլին լինելով դիվանագետ ստում է: «Մյունհաուզենական պատմություններ է պատմում: Ասում է՝ իր հայրը, որ երգիչ էր, հայրենական պատերազմի ժամանակ թմրեցուցիչի փոխարեն երգելով սփոփում էր վիրավորներին: Հոգեցունց բաներ է ասում, որոնք ռուսական իշխանության վրա լավ տպավորություն են թողնում: Ասում է՝ ինքը ծնվել է Շուշիում, իսկ հայրը թաղված է այնտեղ, ու անմարդկային երևույթ է այն, որ չի կարողանում իր որդուն ցույց տալ պապի գերեզմանը: Այս ամենը սուտ է, քանի որ հայրը թաղված է հենց Բաքվում»:
Կարդացեք նաև
Արման Նավասարդյանը կարծում է, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի Բյուլբյուլօղլին դառնա գլխավոր քարտուղար: «Նա երգիչ է, դերասան, դիվանագետ, արվեստագիտության դոկտոր, բազմաթիվ շքանշաններ ունի, շատ համալսարանների դոկտորի կոչում: Ռուսաստանը միակողմանի է նայում այս հարցին, քանի որ տեսնում է այն, ինչ որ կա: Նրա հակահայկական ելույթները նրանց ականջին չեն հասնում»:
Դեսպանն առաջարկում է ահազանգ հնչեցնել ու անել նույնիսկ անհնարինն այս գործընթացը կանխելու համար: «Ամբողջ հասարակությանը ոտքի պիտի հանենք, բողոքի ձայն բարձրացնենք: Եթե նախկինում կարողանայինք նրա դեմն առնել, ապա հիմա այս հարցի դիմաց չէինք կանգնի: Բայց, ցավոք, արտաքին գործերի նախարարությունը մատը մատին չի խփել դրա համար»:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ
Որպես կարգ ունեցող դիվանագետ դուք դիվանագիտական խողովակներին լավ եք տիրապետում, ուստի դուք պետք է ցույց տաք, թե որ ճանապարհով կարելի է մեր ժողովրդի բողոքը տեղ հասցնել…